«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի գրավոր հարց էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանին:
Մասնավորապես, նրան ուղարկել էինք հետեւյալ հարցերը՝
1. Դուք խորհրդարանում հայտնել էիք, որ Սոթքի հանքավայրը փակվել է, հանքանյութ չկա, այն չի գործելու, կրճատում ենք 53 աշխատող: Այդ աշխատողների սոցիալական հարցը ինչպե՞ս եք լուծելու, նրանց տեղավորելո՞ւ եք այլ աշխատանքի, թե՞ ոչ:
2. Դուք պետական պաշտոնյա եք. պլանավորե՞լ եք, թե սահմանամերձ համայնքի բնակիչներն ինչպես են ապրելու, ինչ աշխատանքով:
3. Ի՞նչ բանակցություններ են վարվում այդ հանքի սեփականատերերի հետ, որովհետեւ, ըստ տեղեկությունների, բաց հանքը փակվում է, սակայն փակ հանքը աշխատելու է:
4. Դուք մասնագիտությամբ բժիշկ էիք. ինչպե՞ս եղավ, որ աշխատանքի անցաք ՏԿԵՆ-ում ու զբաղվում եք հանքարդյունաբերությամբ:
5. Մեր տեղեկություններով՝ հանքարդյունաբերողները փորձում են Ձեզ հետ կապ հաստատել, ու Դուք հարցին լուծում եք տալիս գումարի դիմաց: Նրա՞նք են այդպես ասում, ու հարցն այստեղ մեծ գումարների մասին է:
Ներկայացնում ենք փոխնախարարի պատասխանները.
«Այսպիսով, հարցման 1-ին համարակալումը ստացած հարցի առնչությամբ պետք է նշել, որ ներկայիս դրությամբ կրճատումներ առկա չեն, հետեւաբար նախ եւ առաջ պարզ չէ, թե ինչ քանակությամբ եւ ինչ մասնագիտական որակավորում ունեցող աշխատողներ են կանգնելու նոր աշխատանք գտնելու հարցի առջեւ, ինչպես նաեւ պարզ չէ, թե կրճատումների արդյունքում աշխատանքը կորցրած աշխատողներից քանիսն է նոր աշխատանքի ապահովման իրական խնդիր ունենալու: Հետեւաբար, կարծում եմ, որ ներկայիս դրությամբ Ձեր բարձրացված հարցին օբյեկտիվ պատճառներով կդժվարանան պատասխանել անգամ համապատասխան գերատեսչությունը եւ զբաղվածության մարմինները:
Հարցման 2-րդ հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ իմ աշխատանքային գործունեության վերաբերյալ հրապարակված նյութերը եւ ընդերքօգտագործման ոլորտում նախաձեռնված օրենսդրական բարեփոխումները պատշաճ ուսումնասիրելու արդյունքում կարելի է արձանագրել, որ նախաձեռնված մի շարք բարեփոխումներ ուղղված են ապահովելու համայնքների (այդ թվում նաեւ՝ սահմանամերձ համայնքների) սոցիալ-տնտեսական զարգացումը: Մասնավորապես, առաջարկվում է ուսումնասիրել 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն օրենքը, որով սահմանվել են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով համայնքների բյուջեներին հատկացնել անվերադարձ կարգով տրվող մասհանումներ՝ հանքարդյունաբերող ընկերությունների կողմից պետական բյուջե վճարվող ռոյալթիից: Հարկ է նշել, որ այս կամ այն ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ քաղաքականության մշակումը եւ նախաձեռնությունների իրականացումը հանդիսանում են ամենօրյա աշխատանքի մաս, որի ուղղությամբ իրականացվող գործողությունների արդյունքները օբյեկտիվ պատճառներով ապահովում են որոշ ժամանակ անց:
Հարցման 3-րդ կետին ի պատասխան՝ հայտնում ենք, որ չնայած հարցադրման ձեւակերպումը հստակ չէ, եւ «այդ հանքի» անորոշ ձեւակերպումը այլընտրանք չի թողնում, քան ենթադրություն անել, թե Դուք կոնկրետ որ հանքի վերաբերյալ եք տեղեկություն ցանկանում ստանալ, այնուամենայնիվ հայտնում ենք, որ ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված՝ հանքի շահագործման որոշակի փուլում շահագործման օպտիմալությունը կարող է պայմանավորված լինել ստորգետնյա կամ բաց եղանակով իրականացնելու միջոցով: Այլ կերպ ասած՝ շահագործման եղանակը ընտրվում է՝ հաշվի առնելով այն, թե որ եղանակի միջոցով է հնարավոր ապահովել հանքի շահագործման առավելագույն արդյունավետությունը։
Հարցման 4-րդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ ինչպես արդեն նշվեց, իմ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են իմ կենսագրության տվյալներում, որին մանրամասն կարող եք ծանոթանալ նաեւ ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքի, ինչպես նաեւ տարբեր ժամանակահատվածներում տրված հարցազրույցների տեսանյութերի միջոցով:
Ներկայացված 5-րդ հարցի առնչությամբ հայտնում ենք, որ եթե Ձեզ մոտ առկա է բավականաչափ վստահություն Ձեր կողմից նշված անհայտ աղբյուրի նկատմամբ, ապա այդ փաստի առթիվ առաջարկվում է նախաձեռնել համապատասխան իրավական գործընթաց, միաժամանակ հաշվի առնելով սուտ ցուցմունք տալու քրեաիրավական, ինչպես նաեւ անձի պատիվը, արժանապատվությունը ու գործարար համբավը վիրավորելու եւ զրպարտելու հետեւանքները»:
Ն.Հ.
ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երեկ լրագրողների հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտնել է, թե համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով կհարցաքննվի այդ ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։
Ավելին, ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախկին նախարար, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին արդեն ծանուցում է ուղարկվել:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում մեկ ամսով կալանավորվել էր Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ այն ժամանակ առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով «Մեդլայն Կլինիկ» ԲԿ-ի տնօրենը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Շահումյանը կալանավորված է։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Երեկ Երեւանի քաղաքապետարանում հյուրընկալվել են երեխաները: Դպրոցականներին ամենահուզող հարցերից մեկը տրանսպորտի համակարգին էր վերաբերում: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեխաներին խոստացավ, որ շատ արագ փոփոխություններ են լինելու:
ՇԱՀԵՐ
Վրաստանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին: Դրանք բխում են ողջ Անդրկովկասի շահերից: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։
«Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել եւ խաղում մեր տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարեւոր միջնորդական դեր խաղաց 2021 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմից հետո: Ըստ էության, մենք աջակցում ենք խաղաղության բանակցություններին, որոնք ընթանում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եւ կարծում ենք, որ դա բխում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի շահերից», – Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերել ՁԸհհ գործակալությունը։
ՊԱՏՎԱՍՏՈՒՄ
2024 թվականից կմեկնարկի ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հաջորդ տարվանից ներդրվելու է ջրծաղիկի դեմ պատվաստումը։ Այն առաջին փուլով կներդրվի միայն զորակոչիկների համար։ Սա, կարծում եմ, կարեւոր քայլ է, որովհետեւ այդ տարիքային խումբը ջրծաղիկով վարակվելու դեպքում բավականին բարդ են տանում հիվանդությունը, եւ այն շատ արագ է տարածվում, ուստի շատ կարեւոր է սկզբում զորակոչիների համար ներդնել, այնուհետեւ երեխաների համար կներդնենք»,- ասաց Ավանեսյանը։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում:
Քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական եւ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:
Ոլորտային գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են հանրապետության նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Հանրապետության նախագահը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, նշել է, որ երկրում իրականացվող բոլոր աշխատանքների ու մշակվող ծրագրերի հիմքում պետք է լինեն անվտանգային ռիսկերը, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի եւ այլ հանգամանքների երկարատեւ առկայությունը:
Այդ համատեքստում նախագահը տվել է մի շարք նոր կարճաժամկետ ու երկարաժամկետ հանձնարարականներ անվտանգային ռիսկերի դիմակայման, շրջափակման ու էներգետիկ ճգնաժամի հարուցած հիմնախնդիրների հաղթահարման նպատակով: