ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՂ ՔՊ-ԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը 2020թ.-ի պատերազմից հետո մի խայտառակ իրավիճակում է հայտնվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս 44-օրյա պատերազմից ընդամենը մեկ տարի անց՝ 2021թ.-ին,  դիմել է դատարան՝ իրեն պատկանող «Արմբիզնես» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու համար, որպեսզի խուսափի հարկեր վճարելուց:

Ի դեպ, ՍՊԸ-ն գրանցված է հենց պատգամավորի բնակության հասցեում՝ Դավիթաշեն, 2-րդ թաղամաս, 40 շենք:

Ստացվում է՝ հետպատերազմական վիճակում գտնվող երկրում, երբ քաղաքացիները, հարկերը վճարելով, փորձում էին պատերազմից հետո թուլացած պետությունը, բանակը ոտքի կանգնեցնել, որեւէ օգուտ տալ, պատգամավորը, որը տնտեսության զարգացման ջատագովն է,  բոլորին հորդորում է ժամանակին հարկերը վճարել, լրիվ հակառակն է անում. ինքը իր ՍՊԸ-ն փակում է՝ հարկերից խուսափելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով փորձեց մեկնաբանություն ստանալ պատգամավորից. վերջինս նախ ասաց, որ նիստի է մասնակցում, խնդրեց մի փոքր ուշ զանգել, իսկ դրանից հետո մեր բազմաթիվ զանգեր արդեն անպատասխան մնացին:

 

 

 

 

 

 

Գաղտնիք չէ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տարվա ընթացքում զբաղվում է միայն այս կամ այն երկիր այցելություններով, արձանագրային հայտարարություններ անելով: Եվ նաեւ դա է պատճառը, որ խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության նախագիծը ներկայացնելիս խայտառակ արդյունքի ականատես եղանք: Մասնավորապես, հաշվետվության մեջ նշվում է, որ նախագահը զբաղված է եղել քաղաքացիության տրման մասին հրամանագրեր, կոչումներ, շքանշաններ ու մեդալներ տալով: Շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվել է 680 անձ։ Նախագահի կողմից շնորհվել է 12 պատվավոր կոչում, 17 բարձրագույն դիվանագիտական աստիճան, 6 դասային աստիճան, 4 բարձրագույն զինվորական կոչում։ Այսինքն՝ ստացվում է՝ միայն հրամանագիր ստորագրելու, կոչում տալու համար մոտ 3 մլն դոլարի բյուջետային հատկացում է արված եղել նախագահի աշխատակազմին, որպեսզի լավ ստորագրի, մեկնի գործուղումների եւ ձեռքի հետ էլ հայտարարի, թե մենք ենք ագրեսոր երկիր, եւ պատերազմի մեղքը մերն է: Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս Վահագն Խաչատուրյանի գործունեությունից. պարզվում է՝ նրա մոտ եւս  կադրերի պակաս է: Չնայած 2022 թվականի մարտի 13-ին Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց նախագահի պաշտոնը, սակայն նա այդպես էլ աշխատակազմի ղեկավար չունի: Եվ հենց դա է պատճառը, որ երեկ նախագահի աշխատակազմի հաշվետվությունը ներկայացնում էր նրա տեղակալ Պողոսյան Խաչիկը: Վերջինս, նկատենք, Շիրակի փոխմարզպետն է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին:

 

 

Երկուշաբթի օրը՝ հունիսի 5-ին,  արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Տեւական ժամանակ է՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Միրզոյանի հետ, քանի որ  վերջինս գործադիր տեղափոխվելուց հետո իր կապը  խզել է ՔՊ-ական պատգամավորների հետ, անգամ հրաժարվել է դառնալ ՔՊ վարչության անդամ, որպեսզի խմբակցության իր թիմակիցների հետ հնարավորինս քիչ շփվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  ՔՊ -ականները երկուշաբթի պատրաստվում են հարցախեղդ անել նրան, որպեսզի հասկանան՝  ի վերջո ինչ բանակցություններ է վարում Հայաստանն Ադրբեջանի հետ: ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության ներսում ներքին քննարկումներ կան, որ պետք է Միրզոյանին այդ օրը սեղմեն, որ խզել է կապը թիմակիցների հետ:

 

 

 

 

«Ցեղասպանության ճանաչումը՝ օդի մեջ, բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից». այս խոսքերի հեղինակը Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն է, որը բավականին շատ է սիրում մեկնել գործուղումների, այլ կերպ ասած՝ ճամփորդել՝ պետբյուջեի հաշվին, սակայն նախկին սփյուռքահայը ցեղասպանության ճանաչման հարցն անիմաստ մի բան է համարում: Բայց այդ գաղափարի կրող պաշոնյան միայն 2022 թվականին 13 գործուղման է մեկնել տարբեր երկրներ: 2022 թվականին կառույցին հատկացվել է 578 մլն 945 հազար դրամ: Այս տարի եւս Զարեհ Սինանյանն ակտիվ ճամփորդող է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ ամիս նա մեկ շաբաթով Գերմանիայում է եղել, ապրիլ ամսին նա ութ օրով Իսպանիայում էր: Ամենաուշագրավ գործուղումը եղել է փետրվարին. նա փետրվարի 17-ից մինչեւ մարտի 2-ը եղել է ԱՄՆ-ում:  Հիշեցնենք, որ մինչ Հայաստանում պաշտոն ստանալը Սինանյանը ԱՄն-ում էր բնակվում, իսկ հիմա էլ ԱՄՆ  է մեկնում՝ պետբյուջեի հաշվին։

 




Լրահոս