ՍԱՀՄԱՆՆԵՐԸ՝ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  վերջին օրերի՝  Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ելույթների մասին զրուցել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ:

 

-Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից  մի այնպիսի հայտարարություն արեց, որը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց. ասում է՝ մենք ապրում ենք մի անպիսի երկրում , որը «կադաստրի վկայական» չունի: Թեեւ գիտենք, որ Հայաստանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն է, շուրջ 100-ից ավելի պետություններ ճանաչել են մեր տարածքային սահմանները, բայց Փաշինյանի ասածից ստացվում է, որ Ադրբեջանը պետք է մեզ վկայական տա, որպեսզի մեր սահմանները ճանաչվեն: Ի՞նչ կասեք այս մասին:

-Փաշինյանը պարզապես անգրագետ է, դավաճան, ով չի հասկանում՝ ինչ է խոսում,  եւ որոշել է  հերոս ձեւանալ՝ պնդելով, որ  մինչ այսօր Հայաստան գոյություն չունի, եւ ինքը հիմա Ալիեւից ստանալու է այդ «կադաստրի վկայականը»: Բնականաբար, այդ պնդումը որեւէ հիմք չունի՝ ո՛չ իրավական, ո՛չ պատմական: Սա վկայում է միայն այն մասին, որ Փաշինյանը իսկապես բռնել է Հայաստանը կործանելու ճանապարհը: Ուրիշ մեկնաբանություն դժվար է տալ այնպիսի մի հայտարարության, որը, չեմ կարծում, որեւէ առողջ բանականություն ունեցող մարդ, առավել եւս՝ երկրի վարչապետ,  կարող էր անել սեփական  երկրի հետ կապված:

-Ըստ Ձեզ՝ Փաշինյանը իր այս հայտարարությամբ արդյոք կասկածի տակ չի՞ դնում,  նախ, մեր տարածքային սահմանները, ու հնարավորություն չի՞ տալիս, որպեսզի Ադրբեջանը հետագայում տարածքային  նոր պահանջներ  ներկայացնի մեզ:

-Նա ոչ միայն կասկածի տակ է դնում մեր սահմանները, այլեւ Հայաստանի Հանրապետությունն ինքնին: Այսինքն՝ եթե ասում է, որ մենք էստեղ՝ էս տարածքում, տնվոր ենք, դրանից ուղղակիորեն բխում է, որ  այլ պետություններ  իրավական հավակնություններ ունեն այն տարածքի նկատմամբ, որտեղ մենք այսօր բնակվում ենք: Սրանով կասկածի տակ է դրվում Հայաստանի Հանրապետության գոյությունը, ոչ թե սահմանը. մի քիչ այս կողմ կամ այն կողմ է, իհարկե, դա էլ շատ կարեւոր է, բայց էստեղ ավելի մեծ խնդիր կարող է առաջանալ՝ կա՞ Հայաստանի Հանրապետություն, թե՞ չկա՝ ըստ Փաշինյանի:

-Ձեր թույլտվությամբ՝ կխնդրեմ անդրադառնալ եւս մեկ հայտարարության: Գիտենք, որ ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ եթե, ի վերջո, Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության գան, եւ խաղաղության պայմանագիրը կնքվի, ու միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն, Արցախը ճանաչվելու է որպես Ադրբեջանի մաս, ու ոչ միայն Արցախը, այլեւ անկլավները: Սա իրենից ի՞նչ է ենթադրում՝ ըստ Ձեզ, եւ ի՞նչ սպառնալիքներ կարող է ներկայացնել:

-Նորից որեւէ առնչություն չունի Փաշինյանի ասածը միջազգային  իրավունքի հետ: Տարածքային ամբողջականության ճանաչումը երբեւէ չի նշանակում, որ դու ճանաչում ես տվյալ երկրի սահմանները, եթե դրա վերաբերյալ չկա հատուկ հայտարարություն: Երկու երկրների միջեւ սահմանները  սահմանում են միայն երկու երկրները իրար մեջ կնքած պայմանագրով,  եւ այդ տարածքային ամբողջականության վերաբերյալ հարցը որեւէ առնչություն չունի  Արցախի տարածքային պատկանելիության հետ,  եւ, ըստ էության, Փաշինյանն իր այդ հայտարարությամբ  կասկածի տակ է դնում ոչ միայն  Արցախի Հանրապետության գոյությունը՝ ուղղակիորեն պնդելով, որ Արցախի Հանրապետություն չկա, եւ դա ադրբեջանական տարածք է, այլեւ  կասկածի տակ է դնում Հայաստանի  Հանրապետության տարածքային  ամբողջականությունը, որովհետեւ ՀԽՍՀ  տարածք այլեւս գոյություն չունի: Գոյություն ունի ՀՀ տարածք, որի մեջ մտնում են, այսպես կոչված, ադրբեջանական նախկին անկլավները:

Զրուցեց  ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

Ո՞ՒՐ Է ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը, որը նախկինում բավականին ակտիվ մասնակցում էր քաղաքական գործընթացներին, շատ սուր քննադատում էր Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության մյուս ներկայացուցիչներին, անհասկանալի պատճառներով վերջին շրջանում պասիվացել է, քաղաքական որեւէ գործընթացների չի մանակցում:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս բացակայում է երկրից ու պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո սկսել է շատ զգուշավոր լինել իշխանությունների հետ կապված ցանկացած հարցում:

Հիշեցնենք, որ նոյեմեբերի 29-ին Վահե Հակոբյանը հայտարարեց, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից, ու հեռացավ խորհրդարանից:

««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում»,-հեռանալուց հետո նման հայտարարություն էր արել Վահե Հակոբյանի ղեկավարած կուսակցությունը: Իսկ ո՞ւր է այս պահին Վահե Հակոբյանը, ինչո՞ւ նրա ղեկավարած կուսակցությունը որեւէ ակտիվ աշխատանքով զբաղված չէ: Մենք փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել Վահե Հակոբյանի հետ:

Պարզվեց՝ Հակոբյանը շատ ագրեսիվ է տրամադրված, ու հայտարարեց, թե մեր հարցերին չի ցանկանում պատասխանել:

«Ես Հայաստանում եմ, ոչ մի տեղ չեմ մեկնել, իսկ եթե իմ ակտիվության մասին եք ուզում իմանալ, կարող եք մտնել «Վերածնվող Հայաստան» կուսակցության էջ, ամեն ինչ պարզ կերեւա»,-ասաց Վահե Հակոբյանը՝ անջատելով հեռախոսը:

Թե ինչու է Վահե Հակոբյանը նման վարք ցուցաբերում, դժվար է ասելը, բայց այն, որ նա անհետացել է քաղաքական դաշտից ու, որպես ընդդիմություն, չի քննադատում ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, ակնհայտ է:

 

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՐ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ

ՀՀ գլխավոր դատախազությունը, թերեւս վախենալով Armlur.am-ի բացառիկ տեսանյութի հրապարակումից, որտեղ ՆԳՆ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Ա.Ղայթմազյանը ծեծում է անչափահաս տղային, որոշեց վերացնել  քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։ Դատախազությունը այս քայլով փորձեց արդար ձեւանալ, թե որոշում վերացնելով՝ իր կառույցում առկա վիճակը կարգավորվեց, մինչդեռ անչափահասին ծեծելու գործը փակելու համար առնվազն պետք է համակարգից հեռացվի Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը, քանի որ իր ենթակա դատախազի հետ նման որոշում է կայացրել՝ ազդարարելով, թե քրեականի պետի արարքի մեջ հանցակազմ չկա։

Ավելին՝ Տավուշի մարզի  դատախազ Ալոյանը ինքն է օրինականությունը ստուգելու համար կից գրությամբ ուղարկում գործերը գլխավոր դատախազություն։

Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք կարճված վարույթը արդեն իսկ ուղարկված չի եղել Գլխավոր դատախազություն՝ օրինականության ստուգման։ Այս իրավիճակում մի ուշագրավ հանգամանք էլ կա. որոշման վերացնելուց բացի, պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ստուգում են նշանակել «Հաղարծին» հյուրանոցային համալիրում աշխատանքում անչափահասների ներգրավման հարցը պարզելու համար, ինչը ոչ մի կապ չունի դատախազության լիազորությունների հետ։ Պարզ երեւում է, որ դատախազությունում խառնվել են իրար եւ ընկել են հյուրանոցի տնօրինության հետեւից՝ կարծելով, թե նրանք են մեզ տրամադրել աղմկահարույց տեսաձայնագրությունը։ Սա առավել ցայտուն է դարձնում, որ գործը փակվել է դատախազության նախաձեռնությամբ, եւ զայրացած են, որ սեւերես դարձան հրապարակումից հետո։

Հիշեցնենք, որ  հունիսի 1-ին հրապարակեցինք բացառիկ տեսանյութ, որտեղ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծում է անչափահաս տղային։ Դեպքի առթիվ հարուցվում է քրեական վարույթ, որն ավելի ուշ կարճվում է, քանի որ պետը զղջում է, որ նման բան է արել։ Մեր աղմկահարույց հրապարակումից հետո կարճված գործը վերաբացվեց, քրեականի պետի լիազորությունները դադարեցվեցին, ու նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց։

 

 

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԵՑ

Երեկ Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությունը:

Պատվիրակությանը ընդունել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Պատվիրակությունը Հայաստանում կլինի միմչեւ հունիսի 4-ը:

Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 




Լրահոս