ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ, վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը:

 

Նույն օրը Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձա­նագրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ ենթադրյալ հանցանքի փաստական նկարագրությունը եւ տրված իրավական գնահատականը շտկելու համար, ինչը կատարվել է:

Դատախազի որոշմամբ՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից, անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի եւ մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

Դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է նաեւ հանձնարարություն՝ Ա. Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնելու, ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ:

Տրված հանձնարարությամբ պահանջվել է քննության առարկա դարձնել բոլոր հնարավոր վարկածները, պարզել տեղի ունեցածի իրական պատճառները, ինչպես նաեւ քննության առարկա դարձնել անչափահաս տուժողի՝ նշված համալիրում աշխատելու իրավական հիմքերը:

Միեւնույն ժամանակ, դատախազի կողմից, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում, «Հաղարծին» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրում սկսվել է ուսումնասիրություն, ի թիվս այլնի, անչափահասներին աշխատանքի ընդունելու օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտումները վեր հանելու եւ իրավական գնահատականի արժանացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում էր հայտնվել տեսանյութ, որտեղ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:

 

 

 

ՄԱՀԱՑՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐ ԷԻՆ

Հունիսի 1-ին Երեւան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

2023թ. հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երեւան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը եւ երեխան ընկել են:

Պարզվել է, որ Երեւան քաղաքի Հարավ-Արեւմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը՝ ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) եւ 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություններ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, դեպքի վայր հանդիսացող շենքի բնակիչները:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսներ՝ Գագիկ Տոնոյանն ու Արմեն Ներսիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինքը, լինելով ԿԳՄՍ նախկին նախարար, տեղյակ չի եղել արդյոք, թե կրթության ոլորտում ինչ է կատարվում:

Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ ԵՊՀ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանին մեկ ամիս ժամանակ էր մնացել պաշտոնավարելու. առաջիկայում նոր դեկանի ընտրություններ պետք է լինեին:

Վերջինս նախապես տեղյակ է եղել, որ իր վերաբերյալ համալսարանից տեղեկություններ են փոխանցում իրավապահ մարմիններին, ու շուտով գալու են իր «հետեւից», ուստի որոշել է նախապես իր անունը մաքրելու համար չառաջադրվել դեկանի նոր ընտրություններին եւ հնարավորինս շուտ հեռանալ ԵՊՀ-ից, որպեսզի սկանդալի մեջ չհայտնվի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱԶԱՏՎԵՑԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթեւոսյանը եւ նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը եւ Արմեն Մուրադյանը:

ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

 

 

 

ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է

Մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, եւ հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ոստիկանական ռեյդերն անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:

Ի պատասխան՝ Վահե Ղազարյանը նշել էր, որ իրենք օպերատիվ ստացված տվյալների հիման վրա են ռեյդեր իրականացնում եւ ուղղակի պարտավոր են արձագանքել այդ օպերատիվ տեղեկություններին: «Դրանով մենք մեծ խոչընդոտ չենք հանդիսացել տվյալ տնտեսվարողին:

Ինձ թվում է՝ մենք կատարել ենք մեր գործառույթները, կարեւորը մենք ունենք արդյունք. այ եթե չունենային արդյունք, դա հարցի մյուս կողմն է»,-ասել էր նա՝ ընդգծելով, որ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով գործընթաց կա:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել է, թե վերջին անգամ երբ է խնջույքի մասնակցել եւ ինչ թմրանյութ է օգտագործել։

-Վերջին անգամ խնջույքի մասնակցել եմ մեկ շաբաթ առաջ. թմրանյութ չի եղել  իսկ թմրանյութի օգտագործման մասին հարց, կարծում եմ, անտեղի է տալ:

Խոսելով Հայաստան նեմուծված մեկ տոննա Հերոինի մասին՝ Հարությունյանը նշեց.

-Ամբողջը եթերով է եղել՝ եւ՛ բացահայտումները, եւ՛ դրա վերաբերյալ տեղեկատվությունը: Քննություն է գնում: Շատ է անհանգստացնում ինձ  այս ամենը, եւ մենք՝ վարչապետի գլխավորությամբ, բազմիցս քննարկումներ ենք ունեցել, տրվել են հանձնարարականներ: Կարծում եմ՝ վերջին շրջանի  բացահայտումների ավելացումը կապված է  նաեւ այդ հանձնարարականների հետ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս