ԵԿԵՂԵՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈ՞ՒՆ Է «ԲՌՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն թերեւս որոշել է քաղաքական գործունեություն ծավալել, քաղաքական հարցեր քննարկել՝ հոգեւորական խնդիրներով զբաղվելուն զուգահեռ: Դրա վառ ապացույցը նաեւ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումն էր: Բանն այն է, որ այդ քննարկմանը մասնակցել են նաեւ եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ եւ տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։ Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ զեկույցներ, ելույթներ են եղել, եւ որոշում է կայացվել շարունակել այդպիսի քննարկումները: Իհարկե, կարեւոր է, որ Հայաստանի, Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին մասնակից լինեն մեծ թվով անձինք, ուժեր, սակայն այստեղ թերեւս ամենաուշագրավն այդ ամենին հենց կաթողիկոսի մասնակցությունն է, որը միշտ է խոսել եկեղեցին քաղաքականությունից անջատ պահելու պատրաստակամության եւ կարեւորության մասին: Հունիսի 11-ին կգումարվի միաբանական հավաք:  Թեմերից Մայր Աթոռ է ժամանել մոտ 7 տասնյակ հոգեւորական: Նրանք ունեն խտացված դժգոհություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, որի հետեւանքով Հայաստանի եւ Արցախի քարտեզները փոքրանում են:

 

 

 

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2022 թվականի ընթացքում խախտումներ է արձանագրել Հակոբ Սիմիդյանի գլխավորած՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննությամբ արձանագրվել է, որ, օրինակ,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կնքված թվով 9 վարձակալության պայմանագրերում պետական սեփականություն հանդիսացող անտառների վարձավճարների՝ օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափը չպահպանելու արդյունքում, հաշվեքննողների հաշվարկներով, անտառտնտեսության թվով 5 մասնաճյուղերում ընդհանուր վարձակալված 36,7 հա անտառային հողատարածքներից 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել: Մյուս կողմից՝ բացակայում են ՊՈԱԿ-ի «Մեկ անձից գնում» գնման ընթացակարգի համաձայն կատարված գործողությունների եւ դրանց հիմքերի վերաբերյալ գնումների ոլորտի՝ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային փաստաթղթերը։ 2019-2020թթ. ընթացքում փաստացի մատուցվել են ծառայություններ, որոնց գործընթացները պետք է կատարվեին՝ գնումների վերաբերյալ իրավական նորմատիվ ակտերով սահմանված կարգով: Իսկ թե ինչ պատիժ է սպասվում նախարարին, դեռ դժվար է ասել:

 

 

 

 

 

Թմրանյութերի թեման հետապնդում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երեւանի ճանապարհին: Այս առիթով իրավապահ համակարգում խառնված են: Պարզվում է՝ օրերս ուշագրավ բացահայտում  է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահները Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինս, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երեւան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, առայժմ չենք հրապարակում, որպեսզի ընթացող նախաքննությանը չվնասենք, եւ ողջ շղթան բացահայտվի: Առաջիկայում նաեւ պաշտոնյայի ու նրա որդու անունը կհանրայնացնենք։

 

 

 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում  ժողովրդավարության շղարշ ստեղծելու համար պարբերաբար հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրա մաս կազմող արտախորհրդարանական ուժերը դժգոհ են այդ ֆորմատից, ասում են, որ հանդիպումները ձեւական բնույթ են կրում. Փաշինյանը հանդիպում, լսում է իրենց, լուսանկարվում, բայց իրականում հանդիպումները ոչինչ չեն փոխում, առաջարկներն էլ օդում են մնում: Իրականում Փաշինյանն իրենց ասածները հաշվի չի առնում, անում է այն, ինչ ուզում է: Արտախորհրդարանական ուժերի մեծ մասն այս պատճառով  այլեւս չի ցանկանում մասնակցել այդ հանդիպումներին, քանի որ գիտակցում են՝ այդ հանդիպումները զուտ ձեւական բնույթ ունեն. միայն Փաշինյանն է այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն ստեղծում, հանդիպումները ուրիշ ոչ մեկին ոչինչ չեն տալիս:

 




Լրահոս