«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ զրուցել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության գան փաստաթղթի շուրջ, եւ Հայաստանը ճանաչի Արցախի տարածքային ամբողջականությունը, դա ներառում է նաեւ Արցախը եւ անկլավները: Ի՞նչ կասեք:
-Դա քաղաքական գործընթաց է. ինչի՞ եք զարմանում այդ հայտարարությունից, բա 2,5 տարի առաջ փաստաթուղթ է ստորագրել Փաշինյանը, հիմա ինչի՞ եք զարմանում: Ես բազմիցս ասել եմ, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրենից ինչ է ներկայացնում:
-Նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսք չկա անկլավների մասին, բայց Փաշինյանն ասաց, որ անկլավները եւս հանձնվելու են:
-Ի՞նչ է նշանակում՝ անկլավները նշված չեն. անկլավներում մի հատ չինարի ծառ կա, դա էլ նշված չէ: Ես դա հասկացել եմ 2,5 տարի առաջ՝ նոյեմբերի 10-ին, որ տարբեր հատվածներում խնդիրներ ենք ունենալու:
-Այսինքն՝ անկլավների հանձնումն է՞լ է նոյեմբերի 9-ի փաստաթղթից բխում:
-Այո՛:
-Ենթադրենք՝ անկլավները հանձնեցինք, Արցախը հանձնեցինք, հետո ի՞նչ է լինելու:
-Հետո պետք է մտածենք՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարողանում ենք պահպանել, թե ոչ, որովհետեւ այնտեղ կա նաեւ 9-րդ կետ:
-9-րդ կետն ի՞նչ է ենթադրում:
-Ճանապարհով անարգել երթեւեկություն Նախիջեւանի եւ Ադրբեջանի հարավային շրջանների միջեւ:
-Այսինքն՝ հաջորդը Սյունիքով միջա՞նցքն է լինելու:
-Միջանցք բառը փաստաթղթում գրված չէ: Միջանցք չի լինելու, լինելու է ճանապարհ, որով ադրբեջանցիներն անարգել երթեւեկելու են:
-Արցախն ու անկլավները հանձնելուց հետո իշխանությունների ցանկալի խաղաղությունը կհաստատվի՞, Ադրբեջանը կբավարարվի՞ այդքանով:
-Ո՛չ:
-Հաջորդը ի՞նչ պահանջներ են ներկայացնելու Հայաստանին:
-Դա կարող եք հարցնել Էրդողանից կամ Ալիեւից:
-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը Թուրքիայում մասնակցում էր այդ երկրի նախագահի երդմնակալության արարողությանը: Ինչպես լուսանկարներից է երեւում, ջերմ զրուցում էր Ալիեւի եւ Էրդողանի հետ. ի՞նչ կասեք այս մասին:
-Անձնական հարցեր չեմ մեկնաբանում:
-Իսկ այս իրավիճակում, ի՞նչ եք կարծում, բավարար ռեսուրսներ ունե՞նք ռազմական եւ արտաքին քաղաքական դաշտում հակառակորդին դիմակայելու համար:
-Ռեսուրս ցանկության դեպքում միշտ էլ կարելի է գտնել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
՞Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման համար կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա, սակայն, օրինակ, 1975թ-ի քարտեզը հիմք վերցնելը Հայաստանի համար ընդունելի լուծում է»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
«Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց կա հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել՝ Ալմաթիի հռչակագրին համահունչ: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. որ քարտեզով՝ պայմանավորվածություն չկա»,-ասաց Միրզոյանը:
Նա հավելեց՝ որքանով որ իրեն է հայտնի, Քիշնեւում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահը առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ:
«Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում ու պատրաստակամություն կա շարունակել աշխատանքները ողջ միջազգային հանրության կողմից եւ ՀՀ-ի կողմից: Մենք կարծում ենք, որ 1975 թ. քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այդ հիմքով սկսել սահմանազատման աշխատանքները ընդունելի լուծում է Հայաստանի Հանրապետության համար, սակայն կոնկրետ քարտեզի համար վերջնական համաձայնություն չկա»,- եզրափակեց արտգործնախարարը:
ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ ընդունել է արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին:
Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է տոնի առթիվ եւ հաջողություններ մաղթել Իտալիայի ժողովրդին եւ ղեկավարությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ համագործակցության հետագա զարգացման օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-իտալական առեւտրատնտեսական փոխգործակցության խթանման հնարավորություններին, ինչի կապակցությամբ երկուստեք դրական է գնահատվել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, ինչպես նաեւ դեպի Իտալիա ուղիղ թռիչքների նշանակալի աճը:
Կարեւորվել է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում հայ-իտալական համագործակցությունը, մասնավորապես՝ իտալական լավագույն փորձի կիրառումը դատաիրավական ոլորտի բարեփոխումներում:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման եւ հարավկովկասյան տարածաշրջանում կայուն ու հարատեւ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:
ԼԱՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները հաստատվում են. ինչպես գրել էինք, ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի՝ խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն այն բանի համար, որ վերջինս օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո սառեցրել է հարաբերությունները խմբակցության իր թիմակիցների հետ: Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արարատ Միրզոյանի եւ ՔՊ-ականների հանդիպումն ԱԺ-ում բավականին լարված է անցել:
Նախ՝ «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ ԱԺ-ում Միրզոյանին դիմավորող չկար, ինչպես մյուս նախարարների դեպքում է լինում:
Իշխանական թեւի պատգամավորները շատ սառն են դիմավորել Միրզոյանին, անգամ խմբակցությունում Միրզոյանի մտերիմները չեն մոտեցել նրան, ջերմ վերաբերմունք ցույց չեն տվել, շատ սառն են եղել նրա հետ: Արարատ Միրզոյանն էլ իր հերթին է թիմակիցների հետ սառը եղել, առանձին զրույցներ չի ունեցել նրանցից որեւէ մեկի հետ: ՔՊ-ականներն այսպիսով համարում են, որ Միրզոյանին տվել են արժանի պատասխան՝ նրա արհամարհական վերաբերմունքի դիմաց:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի աշխատակիցներից, ինչպես նաեւ այնտեղ սպասարկվող քաղաքացիներից դժգոհություններ է ստանում՝ պոլիկլինիկայի տնօրեն Հեղինե Պետրոսյանի հետ կապված: Բանն այն է, որ, ըստ մեզ հասած դժգոհությունների, վերջինս թե՛ իր աշխատողների, թե՛ քաղաքացիերի հետ վարվում է այնպես, ինչպես իր սիրտն է կամենում. կոպիտ եւ արհամարհական կերպով է խոսում նրանց հետ: Աշխատակիցներից մեզ հետ զրույցում պատմեցին, որ երբ անձնական որեւէ հարցով դիմում են տնօրենին, վերջինս անտեղի քաշքշուկի մեջ է քցում իրենց, որեւէ հարցում չի զիջում աշխատակիցներին: Բացի սա, Հեղինե Պետրոսյանն իր աշխատակիցներին ուղարկում է Ամիրյան փողոց, որպես շրջիկ սպասարկելու օտարերկրյա քաղաքացիներին, ինչի համար հավելյալ վճար չեն ստանում աշխատողները: Ավելին՝ աշխատակիցները ամսական ժամանակին բոնուսներ են ստացել, ինչը եւս «կտրել է» Հեղինե Պետրոսյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բուժաշխատողների մեծ մասը չի ցանկանում աշխատել տնօրենի հետ, դիմումներ են գրում ու հեռանում: Վերջերս հեռացել է պոլիկլինիկայի մանկաբույժը, հիմա նոր մանկաբույժ չեն կարողանում գտնել: «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե նույն բովանդակությամբ դժգոհություններ է ստանում նաեւ քաղաքացիներից, որոնք պատմում են, որ երբ դիմում են Հեղինե Պետրոսյանին, արհամարհական վերաբերմունքի են արժանանում: Մեզ հասած տեղեկություններով՝ չնայած այս դժգոհություններին՝ վերջինիս դեմ չեն համարձակվում բացահայտ բողոքներ ներկայացնել, քանի որ նա Առողջապահության նախարարությունում «հովանավորյալ» ունի՝ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումանյանը: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք անձամբ Հեղինե Պետրոսյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Արտակ Ջումանյանից՝ հասկանալու՝ արդյոք նա է Հեղինե Պետրոսյանի հովանավորյալը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: