ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում հսկողություն է սահմանվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված երկու բեռնատար տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն, օրերս մաքսային կետ-բաժնում հսկողություն իրականացնելու նպատակով նշված բեռնատար տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։
Տրանսպորտային միջոցներից մեկում հայտնաբերվել է շուրջ 4300 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված ապրանք՝ հագուստ, կոշիկ, ռետինե խողովակներ, պաստառներ, ճամպրուկներ:
Պարզվել է նաև, որ ուղեկցող փաստաթղթերում ներկայացված ապրանքների և փաստացի առկա ապրանքների քաշերի մեջ կա անհամապատասխանություն. հայտարարագրված է եղել 17 522 կգ, սակայն ապրանքների իրական քաշը կազմել է 13 296 կգ:
Մյուս բեռնատար տրանսպորտային միջոցի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված 2.300 կգ քաշով նոր հագուստ։ Պարզվել է նաև, որ տարանցման հայտարարագրում նշված են եղել ոչ ճշգրիտ տեղեկություններ։ Մասնավորապես, հայտարարագրվել է 3.290 կգ կոկոսի մանրաթելի քաթան, սակայն բեռնատարի մեջ տվյալ ապրանքի փաստացի քաշը կազմել է 572 կգ։
Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածի հատկանիշներով։
Ապրանքները հիմնականում Ղրղզստանի, Չինաստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության արտադրանք են: Բեռնատարները կապարակնքվել են և կայանվել Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ բաժնի տարածքում»։