Կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին: Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Նախագծի մշակումը պայմանավորված է Երևանում լայնամասշտաբ կառուցապատմամբ ստեղծված իրավիճակով, քանի որ գազասպասարկման ծավալները կտրուկ աճել են և եղած ցանցը բավարար չէ։ Ընդ որում, հաճախ խոսում ենք նոր կառուցապատվող շենքերի մասին, բայց ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ընդհանրապես որևէ նոր բաժանորդ ավելացնելու խնդիր կա։ Այս խնդրի կարգավորումը ոչ միայն կբերի նրան, որ նոր բաժանորդները կկարողանան գազամատակարարում և համապատասխան սպասարկման ծառայություններ ունենալ, այլ նաև Երևանում էապես կփոխվի բոլորի համար գազի որակը»,-նշեց Սանոսյանը։
ՏԿԵ նախարարը նշեց, որ նախագծով Երևանում կկառուցվեն գազատարներ և բաշխիչ կայաններ։
«Ծրագիրը կսկսի 2024 թվականի հունվարից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին։ Ծրագրով նախատեսում ենք 20 տոկոս հավելյալ հզորություն ունենալ, որպեսզի հետագա տարիներին նոր բաժանորդները ևս կարողանան միանալ»,- եզրափակեց Սանոսյանը։