Ձկնաբույծները սնանկացման վտանգի առջև են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացասաբար է անդրադարձել նաեւ ձկնաբուծության ոլորտի վրա, հատկապես որ բազմաթիվ համայնքներում ընդերքային ջրի նվազման հետեւանքով ձկնաբույծները ստիպված են ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել:  Այդ ամենի արդյունքում ձկնեղենի շուկայում առաջիկայում սպասվում են զգալի թանկացումներ:

«Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանի ներկայացմամբ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մեծ ազդեցություն է ունեցել ձկան ինքնարժեքի վրա, ինչի հետեւանքով ձուկն առաջիկայում 100-200 դրամով կթանկանա: Բացի այդ՝ ձկնաբուծարանների 30 տոկոսն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով ներկայումս դադարեցրել է աշխատանքը: «Ջրերը նվազել են, իսկ դրանք վերականգնելու  եւ թթվածնով հարստացնելու համար էլեկտրաէներգիա է հարկավոր, որն էլ թանկացել է: Սնանկացման ճանապարհով են գնում, ձկնաբուծարաններն ունեն նաեւ վարկային մեծ պարտավորություններ եւ հիմա հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում»,-հուսահատված նշեց  Բունիաթյանը:

Արարատյան դաշտավայրի բարձրադիր գոտիներում, Էջմիածնի շրջանի մի քանի համայնքներում` Ապագայում, Ակնաշենում, Գայում, Ջրառատում, Մեծամորում, ջուրը շատ է պակասել, այն աստիճան, որ անգամ ինքնահոս ջուր չկա: Տեղի բնակիչներն իրենց կենցաղային նպատակների համար ստիպված պոմպեր են օգտագործում: Ձկնաբույծները եւս հորերից ջուրն ավազաններ տեղափոխելու համար օգտվում են պոմպերից: Եվ, բնականաբար, ի տարբերություն  ինքնահոս ջուր ունեցողների, նրանք լրացուցիչ գումարներ են ծախսում էլեկտրաէներգիայի կրկնակի սպառման համար: Վերը նշված համայնքներում ձկնային տնտեսությամբ զբաղվողները բացառապես պոմպերի միջոցով են ջուրը ստանում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ձկնաբույծ Արտեմ Մկրտչյանը նկատեց, որ ինքը միայն ջրավազանը լցնելու համար ամսական ծախսում է մոտ 12 հազար կվտ էլեկտրաէներգիա: Իր  տնտեսությունը տարեկան ընդամենը 30 տոննա արտադրանք է տալիս, եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո 160 հազար դրամով ավելացած վարձավճարը մեծ ծանրաբեռնվածություն է փոքրիկ ձկնային տնտեսության բյուջեի համար:

Էլեկտրաէներգիայի սակագնից բացի՝ ձկնաբույծներին մտահոգում է նաեւ Արարատյան դաշտավայրի ջրի սակավությունը:

«Մինչեւ անցյալ տարվա վերջ դեռ հորատում էր կատարվում ցածրադիր վայրերում, որոնք ժամանակին` մինչեւ 2007-ը, համարվում էին կարմիր գոտի: Նույն ժամանակահատվածում Մասիսի շրջանում արգելված էր հորատում իրականացնել, որովհետեւ դա ՀՀ-ի ջրային պաշարների ռեզերվն է: Այն ժամանակ խիստ վերահսկողություն էր սահմանված ոլորտում, իսկ այսօր` ոչ»,-նկատեց ձկնաբույծը:

«Սկսած 2012-ից՝ ձկնային 60 գործող տնտեսություններ, որոնց հիմնադրման համար մարդիկ քրտինք էին թափել, մեծ գումարներ ներդրել, ջրի սակավության պատճառով դադարեցրին իրենց գործունեությունը: Մի մասը պարտքեր կուտակեց, մյուսները մեկնեցին ՌԴ, որպեսզի գումար աշխատեն եւ պարտքերը փակեն: Հիմա էլ էլեկտրաէներգիայի պատճառով նույնը կլինի: Այսօր Էջմիածնի շրջանի որոշ համայնքների բնակիչներ ինքնահոս ջուր չունեն: Մինչդեռ տարիներ առաջ ոչ ոք ջրի խնդիր չի ունեցել: Նախկինում ես եռամսյակը մեկ ջրի օգտագործման համար վճարում էի 39 հազար դրամ, այսօր վճարում եմ 390 հազար դրամ: Ջուրը տասն անգամ թանկացել է: Եթե 390 հազար դրամը ես բաժանեմ երեք տոննա ձկան վրա, արդեն ձկան ինքնարժեքի մեջ 135 դրամի տարբերություն կկազմի: Ստիպված պետք է արտադրանքը թանկացնենք»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների անխնա օգտագործման կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցված ՀՀ քր. օր.-ի 291-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածը վերաբերում է ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնների խախտմանը, որը, սակայն, բավական մեղմ պատիժ է սահմանում` տուգանքից մինչեւ առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկում: Մինչդեռ խոսքը ռազմավարական նշանակության խնդրի` Արարատյան դաշտավայրի ջրային ռեզերվների վատնման մասին է:

Այսպիսով՝ ՀՀ ոստիկանությունից  «Ժողովուրդ»-ին պաշտոնապես տեղեկացրել էին, որ «Ջրի ազգային ծրագրի մասին «ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի համաձայն` հանրապետության օգտագործելի ջրային ռեսուրսների ընդհանուր զանգվածում վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսները կազմում են 1 մլրդ խորանարդ մետր, սակայն կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ միայն Արարատի մարզում  ջրառի ծավալը կազմում է 1 մլրդ 69 միլիոն 482 հազար 93 մետր խորանարդ տարին: Այսինքն՝ ջրօգտագործողների կողմից թույլ է տրվել ստորգետնյա ջրային պաշարների գերշահագործում սահմանված առավելագույն շեմից ավելի, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին եւ դրանցում պարփակված օգտակար հանածո հանդիսացող ջրային պաշարներին:

Միաժամանակ նշենք, որ միայն ձկնային տնտեսություններն օգտագործում են տարեկան մոտավորապես այնքան ջուր (1 մլրդ 200 մլն խմ), որքան թույլատրված է ավազանից ջուր վերցնել ընդհանրապես (սրանք ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի ներկայացուցչի կողմից հրապարակված թվեր են):

Սակայն վերջերս ՀՀ բնապահպանության նախարարը լրագրողների հետ հանդիպմանը հատուկ շեշտել է, որ ներկա պահին Արարատյան հարթավայրի ստորերկրյա ավազանից վերցվում է տարեկան 928 հազար խմ/վ ջուր, ինչն էականորեն պակաս է մամուլում շրջանառվող տարեկան թույլատրելի 1 մլն խմ/վ ջրի ծավալից: Նախարարը վերջում նկատել է, որ վերոնշյալ 1 մլն խմ/վ ցուցանիշը նույնպես ճշգրտման կարիք ունի, եւ այն կհստակեցվի միայն ընթացող հիդրոերկրաբանական ուսումնասիրություններից հետո, ինչը Հայաստանում չի իրականացվել անկախացումից ի վեր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթ




Լրահոս