107,4 մլն դրամ՝ դատախազությանը․ մեկ անձից գնում կանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց գլխավոր դատախազությանը 107,4 մլն դրամ տրամադրել՝ մեկ անձից գնման միջոցով ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 1-ից քննչական գործողությունները պարտադիր տեսաձայնագրվելու են ,բացառությամբ, երբ դա օբյեկտիվորեն անհնար է: Միաժամանակ, օրենսգրքի 483-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։

Այսպիսով, վերոհիշյալ խնդիրների լուծման նպատակով, որպես օպերատիվ լուծում, որոշվել է.

Ա) քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի անխափան գործարկման համար անհրաժեշտ տարեկան 2 պետաբայթ հիշողության ծավալով պահոցային կարողությունները ձեռք բերել մասնավոր հատվածից՝ վերջիններիս գնային առաջարկների հիման վրա: Մասնավորապես, 2 օպերատորներ ներկայացրել են իրենց նույնանման գնային առաջարկները, որոնց համաձայն մինչև 24 ամիս ժամկետով համապատասխան ծառայության տրամադրումը արժենալու է ամսական 6,000,000 դրամ:

Հաշվի առնելով առաջարկների նույնանման բնույթը, նախատեսվել է համապատասխան ծառայությունները ձեռք բերել 2 օպերատորներից էլ: Այսինքն, 2023 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների համար անհրաժեշտ է լինելու 72 միլիոն դրամ (2*6*6,000,000 դրամ):

Բ) Բացի այդ, անհրաժեշտ են առանձին տեղեկատվական պահոցներ այն քրեական վարույթների էլեկտրոնային ամրագրման տվյալները պահպանելու նպատակով, որոնք առանձնահատուկ պաշտպանության կարիք կունենան: Դրանց համար առաջիկա 6 ամիսների կտրվածքով անհրաժեշտ կլինի լրացուցիչ 24,600,000 դրամ:

Գ) 2023-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման պայմաններում միջանկյալ տեխնիկական լուծման, որը ներառելու է մինչև 2023-ի սեպտեմբերի 1-ը կատարված քննչական գործողությունների պահպանումը, ինչպես նաև քննիչների վերապատրաստումների անցկացումը նպատակահարմար է գտնվել վերապահել քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգը մշակած ընկերությանը՝ հաշվի առնելով հետագայում՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հիմնական համակարգի հետ ժամանակավոր տեխնիկական լուծման ինտեգրման անհրաժեշտությունը: Նշված ընկերության գնային առաջարկը կազմում է՝

-7,500,000 ՀՀդրամ՝ տեխնիկական լուծման համար (առանց ԱԱՀ)

– 1,500,000 ՀՀ դրամ՝ վերապատրաստումների համար (առանց ԱԱՀ)

Ընդհանուր գումարը կազմում է 10,800,000 ՀՀ դրամ (9,000,000 ՀՀ դրամ + 20% ԱԱՀ):

Այսպիսով, նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրել գումար՝ մեկ անձից գնման միջոցով վերոհիշյալ ծառայությունները ձեռք բերելու նպատակով: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի անխափան ներդրումը:




Լրահոս