Ամբողջությամբ դադարեցվել են դեղորայքի մատակարարումներն Արցախ. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանի կողմից արգելափակվել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։

«Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Վեց ամիս շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված պարենային առանց այն էլ սուղ իրավիճակը հումանիտար փոխադրումների արգելափակման հետևանքով գոյաբանական սպառնալիքներ է ստեղծում Արցախի 120 000 բնակչության, այդ թվում 30.000 երեխաների, 20 000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով չի իրականացվել 102 բուժառուների և նրանց ուղեկցող անձանց նախապես պլանավորված տեղափոխությունը Արցախից ՀՀ և հակառակ ուղղությամբ։ Ամբողջությամբ դադարեցվել է նաև անհրաժեշտ դեղորայքի մատակարարումները՝ լրջագույն խնդիրներ հարուցելով քաղաքացիների և Արցախի բուժհաստատությունների համար։

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումը, հումանիտար փոխադրումների արգելափակումը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն գործունեության դիտավորյալ և տևական խափանումը ցուցիչ է այն բանի, որ անգամ հումանիտար բնույթի հարցերը Ադրբեջանի կողմից օգտագործվում են Արցախի ժողովրդի նկատմամբ ճնշումներ գործադրելու, ահաբեկելու, տարբեր պահանջներ առաջ մղելու համար։

Հումանիտար բնույթի հարցերն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես գործիք Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության և էթնիկ զտման քաղաքականության առաջ մղման համար»,- նշված է հայտարարության մեջ։




Լրահոս