ՀԱՊԿ-ից մշտապես դժգոհող ու ՀԱՊԿ-ին քննադատող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցելու է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստին:
«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից տեղեկացավ, որ նիստին մասնակցելու նպատակով ԱԽ քարտուղարը հունիսի 7-8-ը գործուղվելու է Բելառուս՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
Հատկանշական է, որ Արմեն Գրիգորյանը թերեւս իշխանության ամենահակառուսական ներկայացուցիչն է համարվում, նա մշտապես բավականին կոշտ քննադատություններ է անում ՀԱՊԿ-ի հասցեին, մինչեւ անգամ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր է պարբերաբար անում:
Արմեն Գրիգորյանն էր թերեւս այն թեզի հեղինակը, թե ՌԴ-ն ճնշում է Հայաստանին Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին անդամակցելու համար: Հետո, իհարկե, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե փորձագիտական մակարդակով են քննարկում, ճնշում չկա:
Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք «վոյաժների» մեծ սիրահար են եւ առիթը բաց չեն թողնում այս կամ այն միջոցառման անվան տակ արտերկիր մեկնել: Այս անգամ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի մասին է: Նա որոշել է հունիս ամիսը նվիրել շրջագայությունների: Այս օրերին ՔՊ-ական պատգամավորն արդեն Վաշինգտոնում է: ԱԺ նախագահի որոշումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ նա մեկնել է ԱՄՆ՝ Կանանց, խաղաղության եւ անվտանգության ազգային համակարգողների ցանցի բարձր մակարդակի հինգերորդ հանդիպմանը մասնակցելու համար հունիսի 5-10-ը։ Ընդ որում՝ միայն գիշերակացն է հրավիրող կողմի հաշվին։ Այդ նույն որոշման մեջ նշվում է, որ մյուս ծախսերը կարվեն պետբյուջեի հաշվին: Արդեն Երեւան վերադառնալուց օրեր անց Վարդանյանը մեկնելու է Վիեննա՝ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի՝ գենդերային բյուջետավորման թեմայի վերաբերյալ ուսուցողական այցին մասնակցելու համար հունիսի 19-23-ը. այստեղ բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը:
Ամառը խորհրդարանում թեժ է լինելու: Հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը, իսկ ամռանը արտահերթ նիստեր կլինեն, քանի որ շատ նախագծեր կան, որոնք օդում են մնացել, դեռ չեն քննարկվել, ուստի, հերթական նիստերից բացի, ԱԺ արտահերթ նիստեր կգումարվեն, որպեսզի նախագծերը քվեարկվեն: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին, որ պատգամավորներին հրահանգ է իջեցվել մինչեւ ԱԺ պաշտոնական արձակուրդը՝ հուլիսի 15, գուցե նաեւ մինչեւ օգոստոսի 1-ը երկրից երկար ժամանակով չբացակայել, արձակուրդի ծրագրեր չկազմել: Արտահերթ նիստերի ավարտից հետո նոր պատգամավորները կարող են հանգստի մասին մտածել: Ընդ որում՝ ՔՊ-ականներին ասվել է, որ ամռանը եւս քաղաքական դաշտն ակտիվ պետք է պահել, նոր նախագծեր հեղինակել, տարբեր թեմաներով քննարկումներ կազմակերպել: Թե որն է սրա նպատակը, ՔՊ-ականների համար եւս անհասկանալի է, բայց «հրահանգ է» եկել, պետք է կատարեն: Գուցե պատճառը Երեւանի ավագանու ընտրություններն են։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն: Քաղաքական իշխանությունները իրավապահներին հասկացրել են, որ համայնքի ղեկավարն իրենց «սրտի պաշտոնյան» է, ու պետք է թեման փակել։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ ընթացք ստացավ համայնքի ղեկավարի մասնակցությամբ գրանցված միջադեպը, ինչին ի պատասխան՝ Կոմիտեի լրատվականից հայտնեցին. «Փարաքարի գործով երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է»։ Նշենք, որ մեղադրյալներից մեկը հենց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, ու երկրից բացակայելու արգելք դրվել։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Armlur.am-ը գրել էր, որ Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թեժ կռիվ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով եւս մի անձ, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ եւ ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետեւ նույն վարքագիծը դրսեւորել ակումբից դուրս՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթեւեկությունը: Ու սա ներվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։