Ազատության հրապարակում ՀԱԿ-ը կազմակերպել էր հանրահավաք` ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի տասը զոհերի: ՀԱԿ-ի անդամների ելույթներից հետո հանդես եկավ ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, որն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիրներին:
Լևոն Տեր-Պետրոսյանը նախ հիշեցրեց, որ հակառակ մեր հասարակության և միջազգային հանրության թափած ջանքերին` մինչ այժմ չի կատարվել ԵԽԽՎ չորս բանաձևերի պահանջը` ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն ու զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելը:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով` Մարտի 1-ը ոչ միայն զոհերի հարազատների, այլև` ողջ ազգի հավաքական ողբերգությունն է, հետևաբար, հասարակությունը որևէ պարագայում չպետք է հուսաթափվի հարցի լուծման այս աններելի ձգձգումից, ընդհակառակը, պարտավոր է հասնել արդարադատության լիարժեք իրականացման: «Արդարադատության չիրականացման և ոճրագործության անպատիժ մնալու պարագայում նմանատիպ ողբերգության կրկնությունը սպառնում է յուրաքանչյուրին»,-ավելացրեց Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ կուսակցության ղեկավարը հիշեցրեց` Մարտի 1-ի պետական ոճրագործության լիակատար բացահայտումը և զոհերի ընտանիքների նյութական փոխհատուցումը եղել և մնում են ՀԱԿ-ի ծրագրային խնդիրներից: «Ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով լուծել Մարտի 1-ի զոհերի ընտանիքների և վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցը, եթե ոչ միանվագ, գոնե առաջիկա երկու տարվա կտրվածքով»,- հայտարարեց ՀԱԿ նախագահը:
ՀԱԿ-ը ներկայումս նախապատրաստում է «Բռնությամբ կատարված հանցագործություններով տուժողներին փոխհատուցում տալու մասին» եվրոպական կոնվենցիայից բխող ՀՀ օրենքի նախագիծը, որը շուտով շրջանառության մեջ կդրվի ԱԺ-ում: Մարտի 1-ի հարցը շարունակում է բարձրաձայնվել նաև միջազգային ասպարեզում, որի վկայությունն է ԵԽԽՎ վերջին նստաշրջանում Մոնիթորինգի հանձնաժողովին Լևոն Զուրաբյանի արած առաջարկը: