Որ երկրներից են ամենից շատ զբոսաշրջիկներ այցելում Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ՝ պարզելու Հայաստանի զբոսաշրջության զարգացման տեմպերը և անհրաժեշտ քայլերը։

«Նախորդ տարիների համեմատ տուրիզմի տեմպը աճել է, դրա մասին խոսում են նաև նախորդ տարիներին հրապարակված եռամսյակային տվյալները: Նախորդ տարիների համեմատ ունենք քանակական աճ, բայց կարևոր է խոսել այցերի որակի մասին, ինչ դրական ազդեցություններ ունեն:

Բայց շատ կարևոր է, որ զբոսաշրջության աճն իր ամբողջ ծավալով կարողանա ազդեցություն ունենալ տնտեսական, սոցիալական, մշակութային և բնապահպանական ոլորտներում: Որքան էլ թվերը գոհացուցիչ են, այնուամենայնիվ, սրանք հիմնականում անհատական այցելություններ են, զբոսաշրջության մասնաբաժինը շատ քիչ է, և այս ամենը շատ մտահոգիչ է:»

Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջիկների համար Հայաստանում հատուկ նախընտրելի վայրեր չկան, տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ կարող են տարբեր վայրեր ընտրել. «Չենք կարող մի ուղղությունը մեկից գերադասել: Յուրաքանչյուր մարդ, համայնք, քաղաք կամ կառույց առանձնահատուկ է և հետաքրքիր է յուրովի: Վայրերը կախված են նաև այցելության նպատակից. հանգստի՞ նպատակով են այցելում, թե՞ այլ նպատակներ կան:

Ես կդժվարանամ ասել հստակ վայրեր, որոնք նախընտրում են այցելել զբոսաշրջիկները: Շատ կարևոր է, որ մենք հավասարապես բոլոր մարզերով զբոսաշրջային ուղղություններ ապահովվենք և մեր ծրագրերն էլ այնպես կազմակերպենք, որ որևէ մարզ և համայնք չտուժի: Մենք հույս ունենք նաև, որ շուտով նաև կվերականգնվի դեպի Արցախ այցելությունը:

Ապրեսյանի խոսքով՝ այժմ էլ կան զբոսաշրջային խմբեր, որոնք այցելում են Վայց Ձորի և Սյունիքի մարզեր, սակայն հարցը նրանում է, որ հիմնականում եվրոպական երկրներում և մեզ համար նպատակային շուկա հանդիսացող երկրներում տեղեկատվությունը մեր երկրի վերաբերյալ ներկայացված է որպես վտանգավոր գոտի. «Մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք՝ դիվանագիտական ուղիներով և սփյուռքի ներուժը օգտագործելով, պետական և մասնավոր հնարավոր բոլոր գործիքները օգտագործելով: Այս գործողությունները մեզ թույլ կտան հստակ տեղեկատվություն տալ համաշխարհային շուկայի մեր այցելուներին, որ մեր ներկայացուցչությունն ավելի իրական լինի:»

Մեխակ Ապրեսյանը նշեց նաև, որ Հայաստանում զբոսաշրջության վրա մեծ դեր է ունենում այն մեծ և մաշտաբային միջոցառումները, որոնք անցկացվում են Հայաստանում և լուսաբանվում միջազգային մամուլի կողմից։ Ըստ Ապրեսյանի՝ զբոսաշրջության զարգացման վրա մեծ ազդեցություններ են ունեցել պատերազմը և Կորոնավիրուսի համաճարակը։
«Եթե սրացումներ չլինեն համաճարակի կամ պատերազմների, հնարավոր է այս տարի զգալի աճ ունենանք զբոսաշրջության ոլորտում։ Քանի որ Չինաստանն արդեն բացել է իր սահմանները համավարակից հետո, մենք այս տարի տուրիստներ ենք ակնկալում նաև Չինաստանից և Ճապոնիայից։»

Ըստ «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանի, ՀՀ տուրիստների 50%-ը ռուսներ են։ Թուրքիայից այցելություններ մինչև 2020 թվականը շատ են եղել, դրանք հասկանալի պատճառներով նվազել են, բայց կան, պարզապես դրանք զբոսաշրջության շատ փոքր մասն են կազմում։

Էմմա Միքայելյան




Լրահոս