Գազի պարտքը պետական մակարդակի հանցագործություն է. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում անդրադարձավ ներքաղաքական խնդիրներին:

ՀՀ առաջին նախագահը նախ հիշեցրեց, որ զգալիորեն բարձրացել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները` ծանրացնելով բնակչության թշվառ վիճակը։ Իշխանությունները մեծահոգաբար հայտարարեցին գազի գնի մասնակի սուբսիդավորման մասին, որը, սակայն, սովորական խաբկանք էր, քանի որ սուբսիդավորումը կատարվելու է ոչ թե նրանց գրպանի, այլ պետական բյուջեի, այսինքն` ժողովրդից գանձված եկամուտների հաշվին։

Սրանով, սակայն, իշխանությունները չբավարարվեցին: Որոշում կայացվեց տրանսպորտի վարձավճարը բարձրացնել և ներդնել կուտակային կենսաթոշակային համակարգը, սակայն բողոքի մեծ ալիքի շնորհիվ այդ որոշումները ժամանակավորապես կասեցվեցին, բայց դա չի նշանակում, որ իշխանությունները հրաժարվել են իրենց մտադրությունից:

Երրորդ խնդիրը, որին անդրադարձավ նախագահը,  գազի` 300 մլն դոլարի պարտքն էր, որը պետական մակարդակի հանցագործություն է, և բացահայտվեց  ընդդիմության գրագետ քայլերի և համառ ջանքերի շնորհիվ: «Այդ պարտքը փակելու համար Հայաստանի կառավարությունը «Գազպրոմին» զիջեց «ՀայՌուսգազարդի» իրեն պատկանող 20% բաժնեմասը, ինչպես նաև Գազպրոմի հետ կնքեց երկարաժամկետ մի ստրկական պայմանագիր:

ՀՀ առաջին նախագահն անդրադարձավ նաև  Որոտանի կասկադի վաճառքին, որն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումով` առանց մրցույթ հայտարարելու և իրական արժեքից անհամեմատ ցածր`180 միլիոն դոլարով վաճառվելով ամերիկյան ընկերություններին: «Որքան էլ  Որոտանի կասկադի վաճառքը  կատարվել է  օրենքի կոպիտ խախտումով, այդ  գործարքն ինքնին կարող է որոշակի դրական հետևանքներ ունենալ մեր երկրի տնտեսության համար` երկրի էներգետիկ համակարգը մոնոպոլիայի վերածվելու վտանգից զերծ պահելու և ցանկալի մրցակցություն ձևավորելու տեսակյունից: Այնուամենայնիվ, 180 մլն դոլարի վերադարձը պետական բյուջե պետք է լինի քաղաքական ուժերի և խորհրդարանի կողմից գործադիր իշխանության առջև դրված պահանջը»,- մանրամասնեց ՀԱԿ կուսակցության ղեկավարը:

Ամենամտահոգիչ խնդիրը, սակայն, ըստ  քաղաքական գործչի` շարունակում է մնալ արտագաղթը։ «Պետականության պահպանման և հզորացման տեսակետից այնքան էլ կարևոր չէ` Հայաստանը Եվրոասոցացման համաձայնագրի, թե Մաքսային միության անդամ է դառնում։ Նախընտրելի է այն միությունը, որն առավելագույնս կապահովի հայերի բարգավաճումը սեփական հայրենիքում և կնպաստի Հայաստանի բնակչության աճին»,- եզրափակեց նախագահը:




Լրահոս