Հոկտեմբերի 17-ին տեղեկություն տարածվեց, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ Վաղինակ Հովհաննիսյանը: Վերջինիս աշխատակիցները «Ժողովուրդ»-ին խնդրում են օգնել` հավաստիացնելով, որ Հովհաննիսյանն այն կարգի մարդ չէ, որը կարող էր կաշառք վերցնել:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը ձերբակալվել է քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` խոշոր չափերով կաշառք ստանալը: Կատարվում է նախաքննություն:
Նշենք նաեւ, որ այդ ամենն իրականացվել է ՀՀ զինվորական դատախազության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում:
Երեկ «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի (Կանազի հոսպիտալ) հոսպիտալի հոգեբուժական բաժնի աշխատակիցներից, որոնք նշեցին, թե ուզում են պատմել` իրականում ինչ է կատարվում: Մենք եղանք հոսպիտալում, որտեղ հոգեբուժական բաժնի աշխատակիցները` 10-12 հոգի, սպասում էին մեզ` ներկայացնելու իրենց պարզաբանումները: Նրանք խոսեցին հերթով` ամեն մեկն իր վերաբերմունքն ու կարծիքն արտահայտելով: Նշեցին, որ ութ ամիս առաջ իրենց մոտ բուժվող եւ արդեն դուրս գրված զինվորներից մեկի ծնողը դիմել է ռազմական ոստիկանություն եւ ասել, թե ինքը 2000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել իր որդուն ազատելու համար, ինչն, ըստ աշխատակիցների, ուղղակի աբսուրդ է:
«Էդ ծնողն իրականում զրպարտում է, նման բան չէր կարա լիներ: Նախ` էդ շատ հեշտ բան չի` բաժնի պետի մոտ մտնելն ու փող տալը: Ինքն էդ տիպի մարդ չէր, որ կաշառք վերցներ: Էսքան տարիների ընթացքում ոչ մի նման դեպք չի եղել: Եւ ընդհանրապես, ծնողների եւ բաժնի վարիչի հետ կոնտակտ չի լինում»,-հավաստիացրեցին սանիտար Ռուբիկ Հայրիկյանը եւ նախկին սանիտար Լեոնիդ Աղաջանյանը:
Մեր զրուցակիցները պնդում էին, որ Վաղինակ Հովհաննիսյանը շատ բարեհոգի մարդ է, ու միայն նրա շնորհիվ է, որ հոսպիտալում կարգ ու կանոն է հաստատված: Եւ զինվորները, որոնք տարբեր խնդիրներով գտնվում են իրենց հսկողության տակ, միայն Հովհաննիսյանի շնորհիվ է, որ կարողանում են կառավարվել: Աշխատակիցները չեն էլ հիշում այդ զինվորին կամ էլ նրա ծնողին, որը նման հաղորդագրություն է տվել` կաշառքի հետ կապված:
Հոսպիտալի կոնսուլտացիոն բուժքույր Շուշանիկ Կույումջյանը նշեց, որ Հովհաննիսյանին վաղուց է ճանաչում եւ համոզված է, որ նա կաշառք չէր վերցնի: Նույն կարծիքին էին հերթապահ բուժքույր Նունե Սարգսյանը, ցերեկային բուժքույր Անի Բադալյանը, մայրապետ Սիլվա Արշակյանը, ճաշարանի աշխատակից Վեներա Կարապետյանը եւ 10 տարի այդ հոսպիտալում մայրապետ աշխատած Նունե Ավագյանը: Վերջինս այլեւս հոսպիտալում չի աշխատում, բայց լսելով այդ ամենի մասին, եկել էր մեզ հետ զրուցելու: Նախկին մայրապետն ասաց, որ այդ բաժինն ամենածանրն է, որը կարողանում է ղեկավարել միայն Վաղինակ Հովհաննիսյանը. «Շատ հոգատար մարդ է, անհանգիստ իր հիվանդների համար: Նման մարդ գոյություն չունի, ես իրեն վաղուց եմ ճանաչում ու գիտեմ, որ իրեն զրպարտում են, ինքը նման քայլի չէր գնա: Իմ սիրտն իսկապես ցավում է, որ մարդիկ նման չարությամբ են լցված, ուղղակի ամոթ է, որ նման բան են ասում, ինքն էդ մարդը չէ»:
Հոսպիտալի աշխատակիցները վստահեցնում էին, որ հնարավոր բան չէ՝ բաժանմունքի վարիչը կաշառք վերցրած լինի, եւ, ի վերջո, նա իրավասու չէ որեւէ զինվորի ազատել հոգեբուժարանից կամ բանակում ծառայելուց:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ այդ հոսպիտալում բուժվող Արմեն Սարգսյանի հետ, ով ասաց, որ իրեն հոսպիտալ են բերել Քանաքեռ-Զեյթունի զորամասերից մեկից: Արմենը շատ ուրախացավ, երբ հարցրեցինք, թե ճանաչում է արդյոք Վաղինակ Հովհաննիսյանին. «Հա, մեր ընկերն ա, ինքը գալիս ա, ասում ա` ո՞նց եք, ամեն առավոտ գալիս ա, ես ինչ լսել եմ, որ նման բան կա, ես իմ պատուհանը սեւ սրբիչով փակել եմ, մինչեւ ինքը գա»: Արմենը ծառայել է ինն ամիս, եւ ըստ նրա` իրենք ծառայության ժամանակ ընդունել են Ս.Սարգսյանին ու Ս.Օհանյանին. «Մենակ էդ եմ հիշում, չեմ հիշում` էլ ինչ եմ արել, ես Սերժ Սարգսյանի ազգանունից ունեմ, ես քուրիկիս ու մամայիս եմ կարոտել»:
Հավելենք, որ ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, կաշառք վերցնելու մեջ մեղադրվող բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ. «Հայտնում եմ, որ լրատվամիջոցներում տարբեր կերպ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ինձ` Վաղինակ Հովհաննիսյանիս, «ձերբակալել են կաշառք վերցնելու պահին», չեն համապատասխանում իրականությանը: Մի կողմ թողնելով այն, որ ինձ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ շինծու է, նման հրապարակումները խախտում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անմեղության կանխավարկածը: Համոզված եմ` գործի քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, իսկ այս պահի դրությամբ ինձ ընդամենն առաջադրվել է կաշառք վերցնելու մեղադրանք, ընդ որում, որեւէ կերպ չհիմնավորված»:
Ի դեպ, նշենք, որ Վաղինակ Հովհաննիսյանն այժմ գտնվում է հիվանդանոցում, նրան վիրահատել են:
ՀՈՍՊԻՏԱԼԻ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆԻ ՊԵՏԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ