Նախագիծ. Ավարտական կուրսի ուսանողները կկարողանան դասավանդել գյուղական դպրոցներում. փոփոխություն օրենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրի նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին ՀՀ կառավարության որոշումը:

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվող փոփոխությունը կարևոր օրենսդրական նախաձեռնություն է, որով ուսուցիչներին գործուղման հնարավորություն է տրվում մարզային բոլոր այն բնակավայրեր, որոնցում դրա կարիքը կա: Նախկինում այս կարգավորումը սահմանափակված էր միայն սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրեր գործուղմամբ:

Ուսուցիչների գործուղման կարգի լիազորող նորմում ավելացվել է «մարզերի» բառը՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը:

«Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալու նաև գյուղական բնակավայրերի դպրոցներում աշխատելու ուսուցչի կրթություն ստացող ավարտական կուրսի ուսանողներին: Բոլոր օրենսդրական նախաձեռնություններն արվում են՝ արդիական ենթակառուցվածքներին զուգահեռ որակյալ ուսուցիչներ ունենալու համար»,-նշել է նախարարը:

Նախագծով առաջարկվում է դրույթ ավելացնել՝ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողին հնարավորություն ընձեռելով աշխատելու գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում:

Ըստ նախագծի՝ վարչատնտեսական համակարգողի պաշտոնին հաստատությունից կարող են հավակնել միայն տնօրենը կամ փոխտնօրենը. հաշվապահը կամ մանկավարժական այլ աշխատող, ինչպես նաև ղեկավարման փորձ չունեցող անձը չի կարող դիմել: Փոխարենը՝ նվազեցվել են աշխատանքային ստաժի ժամկետները՝ հավակնորդների շրջանակը ընդլայնելու հնարավորություն ընձեռելով: Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է վարչական աշխատողների դասավանդման մասով տալ համապատասխան կարգավորում՝ թափուր տեղը համալրվելու պայմանով։

Օրենքում «օրինակելի ուսումնական պլան» կապակցությունը փոխարինվում է «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածք և ուսումնական պլանի կազմման կանոններ» հասկացությամբ՝ հիմք ընդունելով հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությունը: Դրա համաձայն՝ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ համապատասխան դասարանների համար հաստատությունն ինքնուրույն է կազմելու իր ուսումնական պլանը՝ չափորոշչի և ուսումնական պլանի ընդհանրական կանոնների և ուղեցույցի հիման վրա՝ հաշվի առնելով սովորողների նախասիրություններն ու նրանց կողմից ուսումնասիրվող առարկաների և մասնագիտության ընտրությունը: Դեռևս նոր չափորոշչին չանցած դասարանների համար կհաստատվի օրինակելի ուսումնական պլան:

Միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները կամավոր ատեստավորման անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում իրավունք կստանան շարունակելու մասնագիտական գործունեությունը ինչպես տվյալ հաստատությունում, այնպես էլ այլ հաստատություն դիմելիս: Ուսուցչի պաշտոնին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց կտրվի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն: Այդպիսով՝ կստեղծվի մասնագետների բազա, որոնցում ներգրավված անձինք հետագայում կձգտեն մտնել հաստատություններ՝ հաշվի առնելով վարձատրության բարելավման հնարավորությունը: Կարգավորումը կխթանի որակյալ մասնագետների մուտքը դպրոցներ:

Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները, կամավոր ատեստավորմանը մասնակցելով, մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման հնարավորություն կունենան: Գործընթացը նախատեսվում է մեկնարկել 2024 թվականից:




Լրահոս