Մաքսային միությունում ներկայանալ արժանապատիվ իշխանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Ազատության հրապարակում Մարտի մեկի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց, ներքաղաքական մի շարք կարևոր խնդիրներին անդրադառնալուց  հետո խոսեց  ՀՀ` Մաքսային միությանն անդամակցության մասին:

Սեպտեմբերի 3-ի որոշումով, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, մեր իշխանությունները դարձան երդվյալ ռուսամետ ու Մաքսային միության ջատագովներ` այն աստիճան, որ իրենց անսահմանորեն շոյված են զգում, երբ ռուս պաշտոնյաները հիանում են նրանց իշխանությունների փութաջանությամբ:

«Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը  ոչ միայն գավառամտություն է, այլև մի բան է ցույց տալիս`այսուհետ  մեր իշխանությունների լեգիտիմությունը կախված է լինելու Ռուսաստանից»,- կարծում է նախագահը:

Ըստ ՀԱԿ կուսակցության ղեկավարի`Հայաստանը  Մաքսային միություն  մտնում է ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ` ձայնազուրկ հպատակի կարգավիճակով:  Լևոն Տեր-Պետրոսյանի  համոզմամբ` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն արդեն անշրջելի է, իսկ Եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում` անհնարին։  Հետևաբար, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ որևէ քաղաքական ուժ  պարտավոր է հաշվի առնել այդ փաստը:

«Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջև, որը, թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ, ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնել նվազագույնի»,- եզրափակեց առաջին նախագահը:

Մանրամասները տեսանյութում:




Լրահոս