ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի պատվիրակությունը հունիսի 9-ից 16-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում 15 մարզիկով մասնակցել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ հայ բազկամարտիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ: Առաջնությանը 31 երկրի մարզիկներ են մասնակցել:
Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Նաիրա Մեսրոպյանը, Սարգիս Խաչատրյանը և Գուրգեն Անտոնյանը: Սարգիս Հարությունյանն ու Նաիրա Մեսրոպյանը ոսկե մեդալներ են նվաճել թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքի մրցումներում:
Արծաթե մեդալներին արժանացել են Սերոբ Հովհաննիսյանը,Գուրգեն Անտոնյանը, Սերոբ Աբրահամյանը, Արմեն Ենոքյանը և Հայկ Ստեփանյանը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Ավանեսյանը, Վալտեր Հարությունյանը (աջ և ձախ ձեռքով), Ենոք Անտոնյանը, Սարգիս Գաբրիելյանը,Շահեն Բաբայանը, Սերոբ Հովհաննիսյանը, Ատոմ Ենոքյանը, Սարգիս Խաչատրյանը:
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ թիմային արդյունքները գոհացնող են. «Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների ելույթներից: Կային մարզիկներ, որ ավելիին էին պատրաստ, բայց ընդհանուր առմամբ 21 մեդալը գոհացնող է: Ինչ վերաբերում է իմ ելույթներին, ապա վերջին շրջանում բազկամարտի մրցումների չեմ մասնակցում, բայց լավ մարզավիճակում էի ու սպասում էի, որ հաջող արդյունքներ կգրանցեմ»:
Ի դեպ, Ստեփանյանը վերջերս դարձել է պարաաթլետիկայի միջազգային մրցաշարի (գնդի հրում և սկավառակի նետում) չեմպիոն։ Մրցաշարը, որին մասնակցել է 15 երկրի 163 մարզիկ, անցկացվել է Չեխիայում։
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները նախապատրաստվում են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի վերջին Ղազախստանում