Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 8,36 մլրդ դոլար, ինչը 18,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Հաղորդում է aliq.ge-ն։
Ըստ Geostat-ի՝ դրանից արտահանումը կազմում է 2,5 մլրդ դոլար (աճը 18,6 տոկոս), իսկ ներմուծումը՝ 5,86 մլրդ դոլար (աճը՝ 19,1 տոկոս)։ Նշված ժամանակահատվածում, Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 3,4 մլրդ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 40,1 տոկոսը։
Geostat-ի տվյալներով, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 80,8 տոկոս։
Արտահանողների առաջին եռյակում են Հայաստանը (360,0 մլն դոլար), Ադրբեջանը (336,5 մլն դոլար) և Ռուսաստանը (281,3 մլն դոլար):
Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,2 տոկոս։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան (1,19 մլրդ դոլար), Ռուսաստանը (1,06 մլրդ դոլար) և Չինաստանը (623,3 մլն դոլար)։