5 ՏԱՐԻ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՉԻ ԴԻՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծահասակ մի կին, ընդառաջ գալով, հարցրեց. «Աղջի՛կ ջան, համալսարանո՞ւմ ես սովորում»: Նրա հանկարծակի հարցադրումից ինձ թվաց, թե հիմա գումար է խնդրելու որեւէ պատճառաբանությամբ, ինչպես լինում է ամեն քայլափոխի. «Գնացի դեղատուն, որ դեղ առնեմ, հազար դրամով թանկացել էր: Չարենցի փողոցում մի ծանոթ ունեմ, ասեցի գնամ, օգնի, էն էլ տանը չէր…»:
Այնուհետեւ կինը պատմեց, որ 15 օր առաջ դեղ է գնել, սակայն օրեր հետո պարզել է, որ այդ դեղը թանկացել է: «2500 դրամ էր դեղը` դրիմովտինգ, էսօր եկա, որ առնեմ, տեսա՝ 1000 դրամով թանկացել ա»,-լացակումած ասում էր կինը: Երբ նրան առաջարկեցի գնալ այդ դեղատունն ու գնել դեղը, վերջինս հրաժարվեց. «Չէ՛, աղջի՛կ ջան, ես վաղը կգամ կառնեմ, Ձեզ նեղություն չեմ տա»:
Տիկին Սեդան «Ժողովուրդ»-ին պատմեց, որ տղան` Արայիկ Մնացականյանը,  ապրում է Մոսկվայում, գիտական աշխատանքով է զբաղվում` կենսաբանական գիտությունների թեկնածու է. «Իմ տղա~ն, իմ տղան գիտնական է, գիտական աշխատանք ա կատարում: Ես տղայիս ասեցի` արի էստեղ աշխատի, 3 անգամ համալսարանը հրավիրել ա` բիոֆիզիկայի ամբիոնից, ասում ա` ինչիս ա պետք գամ էդտեղ, բոլորը փախչում-գալիս են ստեղ: Ո՛չ տուն ունեն, ո՛չ աշխատանք: Ես էլ Մոսկվայում էի, չդիմացա, եկա: Երեւի տարիքից էլ է, 82 տարեկան եմ: Որ գոնե 2-րդ կարգ ունենայի` մի քիչ հեշտ կլիներ, բայց չեմ հետաքրքրվել»:
82-ամյա կինը, կարծես մոռանալով աչքի ցավը, հիշեց, որ ինքն էլ է սովորել Երեւանի պետական համալսարանում: «47 թվին ընդունվել եմ, 51-ին ավարտել` բոլորը 5-երով, հայկական բանասիրական, մենք պաշտում էիք մեր դասախոսներին, բայց հիմա՞, մենակ ձեւական դիպլոմ ստանան… Դիպլոմը ստանում, դնում են տունը, ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ… Հիմա էն չի: Մենք հայրենիքի համար ենք սովորել, հայրենիքի համար էլ աշխատել»,-սրտնեղած պատմեց տիկինը:
Նա ասաց, որ բանաստեղծ Հովհաննես Շիրազն իր կուրսից է եղել` անընդհատ արտասանել է իրենց համար. «Եթե Սիլվայի հետ չամուսնանար, էդպես դժբախտ չէր լինի, նրանք շատ տարբեր էին»:
«Աշխատել եմ, ինստիտուտներում քննություն եմ ընդունել, ինձ բարձրագույն կրթության մինիստրը` Ասլանյանը, զանգ էր տալիս, ասում էր` տիկի՛ն Սեդա, վաղը կգնաք գյուղինստիտուտ, մյուս օրը պոլիտեխնիկ… Էնտեղ որ իրենք ամբիոն չունեն, կգնաս կհսկես քննությունը: Ռեկտորն ինձ ասում էր` տե՛ս, էն վերջին նստարանի տղաները «շպարգալկա» ունեն, գնա՛, ձեռքներից վերցրո՛ւ, դո՛ւրս հանի, ուզեցի ասեի` դու ինչի՞ չես գնում դուրս հանես, ինձ ես ասում, բայց ես այդպես չէի անում,  զգուշացնում էի»,-ոգեւորված խոսում էր մեր զրուցակիցը:
Տիկին Սեդայի խոսքով` արդեն 5 տարի է, հեռուստացույց չի դիտել, բայց նորություններից տեղյակ է: Նա անգամ տեղյակ էր Վանում տեղի ունեցած երկրաշարժից. «Ա~, մեր հայերի գլխին ինչ պոպոկ ասես չի ջարդվի, էդ Սոչիի դեպքը, որ եղավ… Մենք տառապած ժողովուրդ ենք. էդպես էլ կգնանք, չնայած մենք անկախացանք, բայց դա ի՞նչ տվեց մեզ, անկախության մեջ ի՞նչ կա, դրա մեջ էլ իր վտանգավորությունը կա, որ Ռուսաստանը չլինի, մեզ կխեղդեն»:

ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ




Լրահոս