«Հրապարակ» օրաթերթը գրում է. Որոշ տեղեկություններով, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանի հեղինակած աղմկահարույց նախագծի «քավորը» իրականում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Խոսքը կառուցապատողներին վերաբերող նախագծի մասին է, որով հեղինակն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, բնակարանի գնման իրավունքի համար վճարելիք գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, այլ դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի։ Այս նախագիծը, որն արդեն առաջին ընթերցում է անցել, բուռն կրքեր է առաջացրել ինչպես կառուցապատողների շրջանում, այնպես էլ ՔՊ թիմում։
Ոլորտի պատասխանատուները կարծում են, որ այդպիսով փոքր եւ միջին կառուցապատողները դուրս կմղվեն ոլորտից, դաշտը կմոնոպոլացվի եւ կմնա մի քանի խոշոր ընկերությունների ձեռքում։ Հենց այդ ընկերությունների լոբբինգն է անում Մհեր Գրիգորյանը եւ Պապոյանի միջոցով իրականացնում։ Ոլորտի խոշոր խաղացողները երախտապարտ կլինեն Գրիգորյանին, եթե նախագիծն այդ տեսքով ընդունվի։ Սակայն ՔՊ-ի ներսում կարծես թե տեղեկացել են գործարքի մասին եւ փորձել կանխել՝ թերեւս սրանով են պայմանավորված այս բուռն քննարկումները։
Օրերս նախագծի հեղինակը մեզ ասել էր, որ կանգ են առել 50/50 տարբերակի վրա, իսկ նախագիծն ԱԺ-ում նորից օրակարգ կմտնի սեպտեմբերին։ Սակայն կառուցապատողները կասկածներ ունեն, որ հետաձգելով՝ փորձում են աղմուկը հանդարտեցնել, իսկ վերջում օրենքի տեսք տալ նախնական տարբերակին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում