Իրավապահները շարունակում են բացահայտումները այն մասին, թե ինչպես են անհետ կորած զինծառայողների ծնողներից իրենց որդիներին հետ վերադարձնելու համար գումարներ շորթում:
Այսպիսով ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարտին Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով իր ազգական, պարտադիր ժամկետային զինծառայող Արման Արտակի Միանսյանի և նրա համածառայակիցներ Շոթա Քաջիկի Բալեյանի, Վանիկ Հայրիկի Սիմոնյանի, Սամվել Հովհաննեսի Ղազարյանի և Զորո Ահարոնի Ասլանյանի’ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին մասնակցելու և անհայտ կորելու հանգամանքի մասին, վերջիններիս հարազատներից խարդախությամբ գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, Արման Մինասյանի հայր Արտակ Մինասյանին և մյուս անհայտ կորած զինծառայողների հարազատներին իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ է հաղորդել այն մասին, որ Արման Մինասյանը, Շոթա Բալեյանը, Վանիկ Սիմոնյանը, Սամվել Ղազարյանը և Զորո Ասլանյանը չեն զոհվել, այլ գերության մեջ են գտնվում Ադրբեջանի Հանրապետությունում, ավելին’ դիտավորությամբ մոլորության մեջ է գցել նրանց’ հայտնելով, որ իր տրամադրած հաշվեհամարին գումար փոխանցելու դեպքում վերջիններիս հետ կվերադարձնի Հայաստանի Հանրապետություն: Մարտին Հակոբջանյանի կողմից խաբերության և վստահությունը չարաշահելու արդյունքում 2021 թվականի փետրվար ամսից մինչև 2021 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Վանիկ Սիմոնյանի եղբայրը’ Սասուն Սիմոնյանը, Մարտին Հակոբջանյանին բանկային փոխանցմամբ ուղարկել է 60,000 ՌԴ ռուբլուն համարժեք 429,000 ՀՀ դրամ, Շոթա Քաջիկի Բալեյանի եղբայր Սերգեյ Սարիբեկյանը’ 25,000 ՌԴ ռուբլուն համարժեք 178,750 ՀՀ դրամ, Սամվել Ղազարյանի հայր Հովհաննես Ղազարյանը 40,000 ՌԴ ռուբլուն համարժեք 283,200 ՀՀ դրամ, Արման Արտակի Մինասյանի հայր Արտակ Մինասյանը’ 67,000 ՌԴ ռուբլուն համարժեք 473,690 ՀՀ դրամ, Զորո Ահարոնի Ասլանյանի մայր Լենա Թադևոսյանը’ 27,700 ՌԴ ռուբլուն համարժեք 193,623 ՀՀ դրամ’ այդ կերպ վերջիններից Մարտին Հակոբջանյանը խարդախությամբ հափշտակել է Խոշոր չափի’ ընդհանուրը1,558,863 ՀՀ դրամին համարժեք 219,700 ՌԴ ռուբլի գումար:
Քնար Մանուկյան