ArmLur.am-ի խմբագրությունն օրեր առաջ ահազանգ էր ստացել այն մասին, որ Սևանի թերակղզու հարակից տարածքը, որը նաեւ համարվում է տուրիստական գոտի, գտնվում է անմխիթար վիճակում՝ պատված աղբով, անկանոն, մեկը մյուսի վրա շարված քարերով և շինարարական աղբի կուտակումներով:
Ավելին, մեզ ահազանգած քաղաքացիները նաեւ նշել էին, որ երբ մոտեցել էին վերոնշյալ տարածքի տնտեսվարողին և հայտնել իրենց դժգոհությունը, վերջինս ասել էր, որ պատասխանատու մարմինը «Սեւան» ազգային պարկն է, և իրենք պատասխանատվություն չեն կրում:
ArmLur.am-ի հետ զրույցում Սևանի թերակղզու նավամատույցի տնօրեն Արամ Քարամյանը ստահեցրեց, որ ահազանգից հետո տարածքը բարեկարգվել է, եւ այլեւս ոչ մի խոչընդոտ չկա. «Խնդիրն առաջացել էր անձրեւներից, քանի որ ամբողջ ամիս անձրեւ է տեղացել, ջուրը վերևից հոսելով մաքրում տանում է ճանպարհը: Այս պահին մեծ ներդրումներ ենք կատարել եւ բոլոր ջրափոսերը լցրել ենք, հիմա ճանապարհը գտնվում է նորմալ, բարեկարգված վիճակում, ոչ մի խոչընդոտ չկա»:
Ի դեպ, նշեքն, որ ArmLur.am-ն ահազանգի հետքերով կապ էր հաստատել նաեւ «Սեւան» ազգային պարկի գիտական հետազոտությունների, մշտադիտարկման եւ կադաստրի վարման բաժնի ղեկավար Արայիկ Հունանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասել էր, որ թերակղզու հարակից բոլոր տարածքները տրված են վարձակալման հիմունքներով եւ տարածքների մաքրության պատասխանատուն հանդիսանում է հենց տնտեսվարողը:
Այնուամենայնիվ, Սեւանա լճի շուրջ կուտակված խնդիրները բազմաթիվ են, եւ տարիներով մնում են անլուծելի:
Լիդա Եղիազարյան