
Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժանորդներին և, ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և տրամադրվածությունների վերաբերյալ՝ այդպիսով փորձելով կորզել իրենց անհրաժեշտ տեղեկությունները: Այդ մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:
«Արցախի ազգային անվտանգությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին, քանզի նրանց կողմից հավաքվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս Արցախի»,- նշված է հաղորդագրության մեջ: