«Հրապարակ» թերթը գրում է. «Հակարի կամրջին անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո ամբողջությամբ շրջափակված Արցախում առաջացած պարենային ճգնաժամի խնդիրը ծառացած է ոչ միայն Արցախի ժողովրդի առջեւ, այլեւ տեղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի։
Բանն այն է, որ պատերազմից հետո Արցախում հայտնված մի քանի հազարի հասնող ռուս զինվորների սննդի խնդիրը ոչ թե Արցախում է լուծվում, այլ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից են մատակարարում կտրոններով սնունդն ու դիզվառելիքը, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ ապրանքներ, իսկ Արցախում ընդամենը ընդունում-պահեստավորում են։ Հիմա, երբ Լաչինի միջանցքով ադրբեջանցիներն արգելում են անգամ հումանիտար բեռների փոխադրումը, ռուս խաղաղապահները կանգնել են ճիշտ նույն խնդրի առջեւ, ինչ արցախցիները։ Մանավանդ սուր է վառելիքի խնդիրը:
Տեղի մեր աղբյուրներից իմացանք, որ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ իրենց ելումուտը թույլատրելու համար, սակայն մինչ այս պահը դրական արձագանք չեն ստացել, ադրբեջանցիները ցանկացել են «մարդասիրական» ժեստ անել՝ առաջարկելով իրենք հոգան ռուսական կողմի սննդի, վառելիքի հարցերը, սակայն առայժմ ռուսները չեն հանձնվում, կամ ինչպես մեր աղբյուրն է ասում՝ դեռեւս վերեւներից հրահանգ չեն ստացել:
Բանն այն է, որ խնդիրը սնունդը կամ վառելիքը չէ, այլ ավելի քաղաքական է, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի վերահսկողությունը վերապահված է ռուսական կողմին։ Իսկ Ադրբեջանից մատակարարում ստանալը ևս մի քայլ կնշանակի դեպի Ադրբեջանի հետ ինտեգրում»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում