Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Կանզասի նահանգապետ Լորա Քելին։
Հանդիսավոր նիստի ընթացքում ամփոփվել են համագործակցության քսան տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները: Ընդգծվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս մակարդակը լավ հիմք է ստեղծում Կանզաս նահանգի և ՀՀ այլ գերատեսչությունների միջև գործընկերության զարգացման համար՝ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության հետ, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Հանդիսավոր նիստի ընթացքում պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Կանզաս նահանգի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի մի շարք աշխատակիցներ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով և պատվոգրերով։
Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք ներկայացուցիչներ։