ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել էր երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակների նմուշներում հայտնաբերվել էր կաթնայուղի փոխարինիչ։
Հետագծելիությամբ՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Փինք Բերրի» ՍՊԸ-ում։
Քանի որ նշված արտադրատեսակները պատրաստվում են թխվածքաբլիթի փշուրներով, որոնց բաղադրության մեջ առկա է կաթնայուղի փոխարինիչ, նմուշառումն իրականացվել է պաղպաղակի խառնուրդից՝ մինչև թխվածքաբլիթի փշուրների ավելացումը։
Փորձաքննության արդյունքում պաղպաղակի խառնուրդում կաթնայուղի փոխարինիչ չի հայտնաբերվել։
Այսպիսով, «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակները համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։