Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ, որում նշված է.
«Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի եւ դեղորայքի մատակարարումներն Արցախ՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին, կանանց եւ ծերերին, գոյատեւման նվազագույն միջոցներից։
Ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական եւ կամայական արգելափակումը, մասնավորապես՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի եւ ԿԽՄԿ-ի կողմից Արցախի պաշարված ժողովրդի հիմնական կարիքների համար նախատեսված մարդասիրական բեռների փոխադրմանը միտումնավոր խոչընդոտելը, միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ըստ էության, Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների աղաղակող խախտումներից եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի՝ 2023 թ. փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող վճռի լիակատար անտեսումից անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների։
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը, որը նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով, մասնավորապես, սահմանվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից միջանցքի բացառիկ վերահսկողությունը, անցած վեց ամիսների ընթացքում գործել է Ադրբեջանի կողմից խիստ եւ կամայական սահմանափակումներով եւ օգտագործվել միայն ԿԽՄԿ-ի եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաների անցման համար։ Հունիսի 15-ին՝ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի հետ կապված կանխամտածված սադրանքից հետո, Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է միջանցքը, այդ թվում՝ զրահամեքենաների օգտագործմամբ։ Այսպիսով, միջանցքով երկու ուղղություններով երթեւեկությունն արդեն փակ է նաեւ ԿԽՄԿ-ի եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ էին մատարակարում Արցախի Հանրապետություն։
Արցախի լիակատար շրջափակումը եւ արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը եւ պարարտ հող նախապատրաստում, որպեսզի մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության։ Ամբողջովին արգելափակելով Լաչինի միջանցքը, որն արցախցիների կյանքի միակ ճանապարհն է՝ Ադրբեջանը փաստացի նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման եւ, որպես այդպիսին, նրա ժողովրդի ոչնչացման իր նպատակաուղղված քաղաքականությունը։
Կասկածից վեր է, որ Լաչինի միջանցքի նկատմամբ ապօրինի վերահսկողություն սահմանելու սկզբնական նպատակը եղել է դրա հետագա արգելափակումը եւ շրջափակման օգտագործումը որպես Արցախի ժողովրդի դեմ ագրեսիվ եւ ցեղասպան քաղաքականություն վարելու միջոց։ Ըստ էության, Լաչինի միջանցքը, որն ի սկզբանե նախատեսված էր արտաքին աշխարհի հետ Արցախի կապն ապահովելու համար եւ հանդիսանում էր նրա ժողովրդի բնականոն կենսագործունեության երաշխիքներից մեկը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմաքաղաքական գործիք Արցախի Հանրապետության եւ նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:
Խստորեն պահանջում ենք, որ միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները ձեռնարկեն անհրաժեշտ հավաքական եւ անհատական միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական միջազգային հանցագործությունները, ինչպես նաեւ կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության աղետը: Ժամանակն է նաեւ, որպեսզի ԿԽՄԿ-ն եւ այլ համապատասխան միջազգային կառույցները եւ իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ եւ համարժեք գնահատեն ստեղծված իրավիճակը եւ հորդորեն Ադրբեջանի իշխանություններին հարգել Արցախի ժողովրդի մարդասիրական օգնության եւ միջազգային պաշտպանության իրավունքը։ Ընդգծում ենք, որ անգործությունը եւ անտարբերությունը փաստացի խրախուսում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները»։
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԸՆԴՈՒՆԵՑ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Նատալի Լուազոյի գլխավորությամբ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար առաջնային կարեւորության հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին իրենց հայանպաստ գործունեության համար:
Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայկական կողմը մեծապես կարեւորել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը եւ տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված ԵՄ ջանքերը: Քննարկված հարցերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների հասցեագրման շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաեւ, զրուցակիցների խնդրանքով, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏԱԳԱ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններն են քննարկվել ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովի ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ ՀԱԳՄ-ում կայացած հանդիպման ժամանակ։
«Երկկողմ տնտեսական կապերն ունեն լավ ավանդույթներ, վերջին տարիներին արձանագրվել է փոխադարձ ապրանքաշրջանառության զգալի աճ»,- նշեց Միության փոխնախագահը։ Նրա խոսքով՝ հայ գործարարները լավ հեռանկարներ են տեսնում առեւտրատնտեսական փոխգործակցության խորացման համար, առկա է դեռեւս չիրացված մեծ ներուժ ամենատարբեր՝ էներգետիկ, գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, դեղագործական, ոսկերչության, շատ այլ ոլորտներում։ Ներսես Կարամանուկյանը դեսպանին ներկայացրեց ՀԱԳՄ գործունեությունը, իրականացվող ծրագրերը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամետելդի Այազովը նշեց, որ տնտեսական համագործակցությունը Հայատան-Թուրքմենստան հարաբերությունների կարեւորագույն ուղղություններից է։ ՀՀ-ում 4,5 տարվա իր դիվանագիտական գործունեության ընթացքում հաջողվել է իրագործել երկկողմ հիշարժան նախաձեռնություններ, սակայն կան դեռ բազմաթիվ չիրականացված հնարավորություններ։ Նրա խոսքով՝ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը կարող է նպաստել նաեւ այն լոգիստիկ ծրագրերի իրականացումը, որոնք ներկայում քննարկման փուլում են։ Արտակարգ եւ լիազոր դեսպանը կարեւորեց երկու երկրների Արդյունաբերողների եւ գործարարների միությունների սերտ համագործակցությունը՝ որպես տնտեսական կապերի աշխուժացման կարեւոր գործոն։
Մուհամետելդի Այազովը փոխանցեց Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Ատդաեւի նամակը, որով նա ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանին հրավիրում է մասնակցելու նորակառույց Արկադաղ քաղաքի՝ հունիսի 29-ին կայանալիք պաշտոնական բացմանը եւ այդ առիթով կազմակերպվելիք միջոցառումներին։
ԳՈՐԾՈՒՂՎԵՑԻՆ ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-24-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի եւ Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի նիստերին։
ՌԴ մեկնող պատվիրակության կազմում լինելու են ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը եւ Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի պետ Ժիրայր Անանյանը։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախատեսվում է 2023թ. օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբեր 13-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։
Դրա հետ կապված՝ նաեւ որոշում է կայացվել ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանել վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները եւ ներգրավման ժամկետները:
Տեղեկացանք, որ հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: