ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկում, «ԱրՔա»-ի հետ համատեղ, Mastercard Academy-ի կողմից ֆինանսական կառույցների վճարահաշվարկային ոլորտի մասնագետների համար անցկացվել է երկօրյա աշխատարան, որի հիմնական թեման վճարային քարտերի ոլորտում կիբերանվտանգության եւ խարդախությունների դեմ պայքարն էր։ Հանդիպման նպատակն էր Հայաստանի վճարային շուկայի մասնակիցներին ծանոթացնել անվտանգության վերջին պահանջներին եւ քարտային գործառնությունների անընդհատ զարգացող միտումներին: Աշխատարանը վարում էր Mastercard-ի ներկայացուցիչ Եվգենի Բալեզինը, որը կարեւոր հարցեր է բարձրացրել տարածաշրջանում տարածված ռիսկերի մասին։

 

Mastercard-ը մասնակիցների հետ քննարկել է քարտերի խարդախության միտումները երկրի, տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում, ինչպես նաեւ ամենատարածված եւ ակտուալ սխեմաներ (scam) եւ «սոցիալական ճարտարագիտության» օրինակներ, քարտով տարբեր տեսակի գործառնությունների ռիսկեր՝ ներառյալ էլեկտրոնային դրամապանակի գործառնություններ, դրամական փոխանցումներ, կիբերհարձակման օրինակներ, գումարի վերադարձման գործառնություններ: Ներկայացվել են նաեւ ծառայություններ մատուցողների եւ առեւտրային հարթակների հետ աշխատելու հիմնական մոտեցումներն ու պահանջները, նկարագրվել են հիմնական համապատասխանության ծրագրերի շահագործման սկզբունքները:

Ներկայացվել են նաեւ Mastercard-ի հակախարդախության եւ ռիսկերի կանխարգելման լուծումները, որին հետեւել է քննարկում:

2 օր հատկացվել է բողոքարկված գործարքների գործընթացի ամբողջական ցիկլի մանրամասն նկարագրությանը, ավտորիզացիայի հիմունքներին եւ խարդախության կանխարգելման տեխնոլոգիաներին. քննարկվել են տարբեր տեսակի վիճարկվող գործարքներ։

Աշխատարանի ընթացքում Mastercard-ի ներկայացուցիչ Եվգենի Բալեզինը ընդգծել է համատեղ համագործակցության եւ վճարային էկոհամակարգում ռիսկերի նվազեցման կարեւորությունը։ «Mastercard-ի առաքելությունն է նպաստել վճարումների ապահով եւ վստահելի միջավայրին: Այս նպատակին հասնելու գործում կարեւոր դեր է խաղում Հայաստանի կենտրոնական բանկի եւ տեղական շահագրգիռ կողմերի հետ մեր համագործակցությունը»:

ՀՀ կենտրոնական բանկը նույնպես իր երախտագիտությունն է հայտնել Mastercard-ին եւ ընդգծել նման նախաձեռնությունների կարեւորությունը Հայաստանի վճարային շուկայի համար։

Աշխատարանի ընթացքում մասնակիցների հետ իրենց փորձով են կիսվել նաեւ Նինո Տուլաշվիլին, Կունտայ Սիմբատովան եւ Ելենա Խասանովան: Միջոցառումը կարեւոր դեր է խաղացել մասնագետների ամուր ցանցի ստեղծման գործում՝ նվիրված վճարումների անվտանգությանը եւ սպառողների պաշտպանությանը:

Որպես ոլորտի առաջատար՝ Mastercard-ը հավատարիմ է մնում նորարարություններին, անվտանգության ստանդարտների առաջխաղացմանը եւ վճարային էկոհամակարգի ամրապնդմանը: Ընկերության շարունակական համագործակցությունը կարգավորող մարմինների, ֆինանսական հաստատությունների եւ ոլորտի շահագրգիռ կողմերի հետ ցույց է տալիս իր հանձնառությունը հաճախորդներին ապահով եւ անխափան վճարման փորձ ապահովելու հարցում:

 

 

 

 

ԴՊՐՈՑԸ ԴԵՄ Է ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆԸ

«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպումն անցավ դրական մթնոլորտում. որոշվեց, որ նախագիծը կլրամշակվի, սակայն դա մեզ համար բավարար չէ, քանի որ մենք դեմ ենք դպրոցի փակմանը»,-  ասաց Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քլաշյանը։

Հիշեցնենք, որ նախարարությունը նախատեսում է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը միավորել նույն քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի հետ: Նախագծի հիմնավորման մեջ միավորման անհրաժեշտությունը բացատրվում է երկու հաստատությունում էլ սովորողների թվի նվազմամբ եւ շենքերի օպտիմալ օգտագործմամբ: Նշվում է, որ նախորդ ուսումնական տարում Արմավիրի թիվ 1 դպրոցն ունեցել է մոտ 290 աշակերտ: Շենքը նախատեսված է 1000-ի համար: Թիվ 4 դպրոցում եղել է մոտ 250 աշակերտ: Շենքի նախագծային հզորությունը 680 է:

«Ինչպես հասկանում ենք, շատ պաշտոնյաներ են շահագրգռված, որ այս դպրոցը փակվի, որովհետեւ շենքը շատ բանուկ հատվածում է, կենտրոնում է եւ կարող է ցանկացած կենտրոնի համար օգտակար լինել։ Մենք սա դեռեւս խոսակցությունների մակարդակով ենք լսում, բայց չենք ուզում հավատալ»,- նշեց նա։

Տնօրենի խոսքով՝ իրենց շենքն օգտագործելու է Արմավիրի բժշկական քոլեջը, սակայն, նախկին նախագծի համաձայն, այլ քոլեջներ եւս պետք է միացվեն, սակայն շենքի հզորությունը դա թույլ չի տա։

«Նախագիծը մեզ հետ չէր էլ քննարկվել, մենք հանրայնացվելուց հետո ենք իմացել։ Մենք նախարարին ասել ենք մեր հակափաստարկները, ասել է՝ կվերանայվի։ Բայց մենք բոլոր դեպքերում դեմ ենք, որովհետեւ արդար չէ, որ մեր բողոքները հաշվի չեն առնվում. մարդկանց հետ չի կարելի այսպես վարվել։ Մեր անձնակազմը 40 հոգուց ավելի է, եւ վստահաբար օպտիմալացման դեպքում ոչ բոլորն են աշխատանք ստանալու»,- ասաց Անի Քլաշյանը։

 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԿԱԶՄԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին:

«Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 927-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով՝

  1. Հաստատել ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1531-Ա որոշումը»,- նշված է որոշման մեջ:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

 

 

ԲՈՒՀԵՐՈՒՄ ՊՈՐՏՈՒԳԱԼԵՐԵ՞Ն ԿՍՈՎՈՐԵՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին եւ շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բրազիլական բարեկամական կապերի զարգացման:

Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադառնալով վերոնշյալ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը՝ նախարարը տեղեկացրել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ քննարկվում են բարձրագույն կրթության, սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության բնագավառներում համագործակցության մասին հուշագրերը:

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ հայ-բրազիլական համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ աշխատանքներն ավելի արդյունավետ ընթացք կստանան:

Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ ընդգծել, որ երկու երկրների միջեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  ոլորտներում առկա է սերտ համագործակցության մեծ ներուժ: Դեսպանը ներկայացրել է հնարավոր համագործակցությանն առնչվող ուղղություններն ու ծրագրերը՝ կրթական փոխանակումների, բուհերում բրազիլական պորտուգալերենի ուսուցման, հայ-բրազիլական մշակութային կապերի հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացման համատեքստում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման ընթացքում դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին:

 

 




Լրահոս