Նրա ներկայությունը զգալի էր, նկատելի ու կարևոր. Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Խաչատրյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` ի հիշատակ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի:

«Այսօր մենք վերջին հրաժեշտն ենք տալիս Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանին:

Խաչատրյանը արդեն երրորդ անգամ էր խորհրդարանում. Նա եղել է թե Գերագույն խորհրդի և թե առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Զբաղեցրել է նաև Լոռու մարզպետի, Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնները, գործադիր կարգավիճակում դրսևորվելով որպես արդյունավետ վարչարար:

Բայց իհարկե, նրան ամենաշատ հետաքրքրող ոլորտը հենց քաղաքականն էր ու քաղաքականությունը, առաջին հերթին քաղաքականության բովանդակության ձևավորման և դրա իրագործման մեխանիզմները, որովհետև Վիգեն Խաչատրյանը լավ էր հասկանում, որ առանց տեսության ցանկացած պրակտիկա տձև է ստացվում ու դեֆորմացված:

Վիգեն Խաչատրյանի հետ առնչվել եմ որպես լրագրող, ապա որպես քաղաքական գործընկեր՝ ընդդիմադիր քաղաքական գործունեության մեջ, ապա նաև որպես թիմակից, երբ նա 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համաձայնություն տվեց, չլինելով կուսակցության անդամ:

Նա մեր քաղաքական թիմին միացավ դժվարագույն պահին, և նրա ներկայությունը զգալի էր, նկատելի ու կարևոր: Եւ խորհրդարանական գործունեության մեջ նա այնպիսին էր, ինչպես սովորաբար: Չվախենալ ձևակերպել և բարձրաձայնել ամենաբարդ հարցերը, և աջակցել այդ բարդ հարցերի նույնքան բարդ պատասխանները գտնելիս, միևնույն ժամանակ մնալով կոռեկտ ու քաղաքավարի. դա էր նրա գործելակերպը:

Լինելով մեր քաղաքական թիմի ամենատարիքով անդամը` նա ժամանակակից էր ու առաջադեմ, որովհետև քաղաքականության մեջ միտքն էր համարում ամենակարևորը, իրավացիորեն փորձելով հասնել այն գիտակցության ինստիտուցիոնալ արմատավորմանը, որ տեսությունները պիտի դառնան պրակտիկայի ձևավորման կառուցակարգ ու բանաձև:

Վիգեն Խաչատրյանը դրական մարդ էր, դրական ապրելակերպով ու էներգետիկայով: Սիրում էր ձկնորսություն, իր աշխատանքը, իր ընկերներին, իր ընտանիքը, իր ժողովրդին, իր պետությունը»,- գրել է նա:




Լրահոս