Պարենի և անհրաժեշտ ապրանքների մուտքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից. Բեգլարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով ռուս խաղաղապահների տեղաշարժը վերականգնված չէ, ինչը նշանակում է, որ պարենամթերքի և այլ խիստ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը մինչև հիմա ամբողջովին արգելափակված է Ադրբեջանի կողմից։

Այս մասին ասվում է Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի Տելեգրամ-ալիքում արված գրառման մեջ։

«Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, այսօր, տասնօրյա լիակատար շրջափակումից հետո, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնի» 15 հիվանդ 9 ուղեկցողի հետ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության բժշկական մասնագիտացված կենտրոններ՝ ԿԽՄԿ Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Բազմաթիվ հիվանդներ դեռ սպասում են Հայաստան տեղափոխվելուն և Արցախ վերադառնալուն։

Օրվա ընթացքում նախատեսվում է Արցախ վերադարձնել 16 հիվանդի (ուղեկցողների հետ միասին), որոնք Հայաստան էին ուղարկվել պետպատվերի շրջանակում բուժվելու նպատակով, ինչպես նաև Արցախ հասցնել խիստ անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական նշանակության առարկաներ։

Ուզում եմ նշել, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով ռուսաստանյան խաղաղապահների տեղաշարժը վերականգնված չէ, ինչը նշանակում է, որ պարենամթերքի և այլ խիստ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը մինչև հիմա ամբողջովին արգելափակված է Ադրբեջանի կողմից»,- գրել է Բեգլարյանը։




Լրահոս