Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է հունիսի 24-ին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները և դաշինքին Շվեդիայի անդամակցության հնարավորությունը, հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Էրդողանը շաբաթ օրը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ ոչ ոք չպետք է շահի Ռուսաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, Անկարան պատրաստ է նպաստել իրավիճակի կարգավորմանը։

«Կողմերը քննարկել են Ռուսաստանում վերջին զարգացումները և ընդգծել, որ Ռուսաստանում լարվածության ավարտը կանխել է անդառնալի հումանիտար աղետը Ուկրաինայում», – ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրույցի ընթացքում ցանկություն է արտահայտվել, որ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունները դառնան «քայլ դեպի Ուկրաինայում արդար խաղաղություն»։

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է նաև Շվեդիայի հնարավոր անդամակցությունը դաշինքին։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Ստոկհոլմի կողմից հակաահաբեկչական օրենսդրության մեջ արված փոփոխությունները ոչ մի նշանակություն չունեն, քանի դեռ Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները և հարակից կազմակերպությունները ազատորեն գործողություններ են կազմակերպում Շվեդիայում։




Լրահոս