Երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման 2-րդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը՝ հունիսի 27-ին Հայաստանում կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթակն դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման երկրորդ գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով։

Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

Երկրորդ փուլով՝ հունիսի 27–ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

Իսկ, ահա երրորդ փուլով՝ հուլիսի 4-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Հավելենք, որ որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

Լ. Ե.




Լրահոս