Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի երեք ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ:
Հոմերոս Առաքելյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում 8-0 հաշվով առավելության է հասել իսրայելցի Ամարե Ֆետենեի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում տուշեով հաղթել է վրացի Թամազի Գլոնտիին: Երեկոյան մրցահերթում Առաքելյանը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ադրբեջանցի Էլմիր Ալիևի հետ։
Յուրիկ Հովեյանը (63 կգ) ևս մեկնարկել է 1/8 եզրափակիչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է չեխ Մատուս Յանկովիչին, իսկ հաջորդ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակի է հասել ադրբեջանցի Ֆարայիմ Մուստաֆաևի նկատմամբ: Հայ ըմբիշը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի թուրք Ֆուրկան Էրկենի հետ:
Եվրոպայի երիտասարդական առաջնության գործող չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) 1/8 եզրափակիչում 9-0 հաշվով առավելության է հասել հունգարացի Լեվենտե Սոկոլի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում կրկին բացահայտ առավելությամբ վաղաժամ հաղթել է մոլդովացի Կրիստիանա Ռուսուին: Կիսաեզրափակիչում Նազարյանը կմրցի Շվեդիայի ներկայացուցիչ Համզա Սերչանլիի հետ։
Այսօր մրցագորգ դուրս եկած ևս 2 հայ ըմբիշներ չեն կարողացել հասնել կիսաեզրափակիչ։