Հիմնանորոգվում է Հ-4, Երևան – Եղվարդ – Արագյուղ – Հարթավան – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+600 հատվածը։ 15.6կմ ճանապարհն անցնում է Կոտայքի մարզով՝ Զովունիով, Եղվարդով ու Զորավանով։
Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 2 մլրդ 290 մլն դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։
Ճանապարհը, որ վերջին անգամ հիմնանորոգվել էր մոտ 15 տարի առաջ, խիստ անբարեկարգ էր և անհարմարություն էր պատճառում երթևեկության մասնակիցներին։
Ավտոճանապարհի՝ բնակավայրերով անցնող հատվածներում կառուցվել են մայթեր՝ բազալտե եզրաքարերով, բետոնե սալիկներով։ Նորոգվել և արդիականացվել է ջրահեռացման համակարգը։ 15.6կմ-ից մոտ 6կմ-ն հիմնանորոգվում է հիմքի սառը վերամշակման միջոցով։ Այս պահին իրականացվում է ասֆալտապատում, նորոգվում են նաև ճանապարհին գոյություն ունեցող արհեստական կառուցվածքները։ Կատարվել ու կատարվում են այլ աշխատանքներ։
Շինարարությունն իրականացնում է «Լիլիթ 87» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Արխինեքս» ՍՊԸ-ն։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր շրջայց է կատարել շինհրապարակում, հետևել աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարի ու տեխհսկողի հետ։