ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեքենայի տերն այժմ Հայաստանում չէ, եւ այս տարի դեկտեմբերին սպառվում է մեքենայի ապահովագրության ժամկետը: Արդյո՞ք մեքենան չապահովագրելու դեպքում որեւէ տուգանք պետք է մուծվի: Եւ տուգանքներից խուսափելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել` հավաստելու համար,  որ մեքենան ժամանակավորապես չի շահագործվում:

Սահակ Սուքիասյան, 50 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ` մեքենան հաշվառումից պետք է հանեն, որ ոչ մի տույժ ու տուգանք չկիրառվի, այնուհետեւ համապատասխան փաստաթղթերը պետք է պահեն իրենց մոտ, որ անհրաժեշտության դեպքում ներկայացնեն: Դեկտեմբերի 30-ին, բայց ցանկալի է մի քիչ ավելի շուտ, հարազատներից որեւէ մեկի անունով, ում անունով որ լիազորագիր է գրվել` ըստ մեքենայի գրանցման հասցեի,  պիտի անձնագրով ներկայանան ճանապարհային ոստիկանություն, մեքենան հանեն պետական հաշվառումից, որ ոչ մի տուգանք չկիրառվի: Եթե մեքենան հաշվառումից չհանեն, բնականաբար, տուգանք կլինի, քանի որ կստացվի այնպես, որ մեքենան պարզապես չի ապահովագրվում, եւ տերը չի հետեւում օրենքներին: Տուգանքի չափը յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ է: Բայց եթե շատ երկար ժամանակ չապահովագրվեց, ապա կիրառվում է 50.000 դրամ տուգանք: Ավելի ճիշտ է տարին մեկ անգամ ապահովագրել մեքենան, նախապես ունենալ ԱՊՊԱ պայմանագիրը եւ ոչ մի խնդիր չունենալ, քան թե ապահովագրել մաս-մաս կամ 3-4 ամսով, հետո մոռանալ դրա մասին եւ այլն:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»
ապահովագրական ՓԲԸ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այնպիսի պայմաններ են ստեղծված, որ դժվար է ընտրություն կատարել փաստաթղթային քաշքշուկի եւ տուգանքի ոչ ցածր ու շարունակաբար աճող չափի միջեւ: Այնուամենայնիվ, նախընտրելին, թերեւս,  համբերությամբ զինվելն ու մեքենան հաշվառումից հանելով` գործը գլուխ բերելն է:




Լրահոս