«Ոստիկանության պահպանության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը մտահոգության տեղիք է տվել հասարակության լայն շրջանների մոտ: Առաջին օրենքով նախատեսվում է մի շարք կարևորագույն պետական, ինչպես նաև՝ մասնավոր մարմինների շենքերի պահպանության ցանկի ընդլայնում, ընդ որում` մինչև 2018թ. ոստիկանության պահպանության համապատասխան ծառայությունը կստանձնի պատասխանատվությունը այդ օբյեկտների պահպանման համար, իսկ եթե խորհրդարանը հետագայում հարկ համարի օրենքի այս կիրառումը կերկարաձգվի:
Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Արա Պապյանը, անդրադառնալով այս նախագծին, ասաց, որ այն երկրներում, որտեղ սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, ոստիկանական համակարգի վրա ծախսերն ավելանում են: «Հիշենք Վանոյի խոսքերը, եթե դու ունես 180.000 գործազուրկ, պետք է չորս ջրցան մեքենա ավելացնես: Ցանկացած իշխանություն մի խնդիր ունի լուծելու` կամ պետք է բավարարի իր ժողովրդի պահանջները կամ ուժային մեթոդներով ճնշի»,- ասաց Արա Պապյանը:
Մեր թղթակիցը զրուցեց նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Պատգամավորի խոսքով` երբ ընդհանուր գործընթացներ ես դիտարկում, տեսնում ես, որ տեղի է ունենում ոստիկանության կոմերցալիզացիա, այսինքն`ոստիկանությունը վերածվում է առևտրային կազմակերպության:
Պրն Փաշինյանի խոսքով` օրենքի այս նախագիծը բազմաշերտ է, որին ինքն կանդրադառնա հաջորդ քառօրյայում և կհնչեցնի որոշ հարցեր: