Օնլայն տաքսիների համար կսահմանվի մեկ միլիոն դրամի չափով տուրք։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։
Վերջինիս խոսքով՝ տուրքերը կսահմանվեն 2024 թվականի սեպտեմբերից. «Յուրաքանչյուր պատվերի համար տուրք կգանձվի։ Այսպես, անկանխիկ վճարման դեպքում այն կկազմի 1,5% (2026-ից՝ 4%), իսկ կանխիկի դեպքում՝ 2% (2026-ից՝ 5%)»։
Սիմոնյանը նկատեց, որ անկանխիկ վճարումները թույլ կտան տաքսի ծառայության շրջանառությունն ավելի թափանցիկ դարձնել. «Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար օնլայն հարթակներում գրանցվել է մոտ 80 հազար քաղաքացի, որոնցից միայն 25-30 հազարն է զբաղվում ակտիվ փոխադրումներով»: