ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ, ԲԱՅՑ` ՄԻԱՅՆ ԹՂԹՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2019 թվականի հունիսի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ: Ի պաշտոնե այդ խորհրդում հենց վարչապետն է խորհրդի նախագահը, կազմում են ընդգրկված նաեւ փոխվարչապետը, արդարադատության նախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը եւ այլք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին անգամ այս խորհուրդը նիստ է արել 2023 թվականի փետրվարին Ջերմուկում, որը նախագահել է Նիկոլ Փաշինյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել էին  հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակոռուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր: Դրանից հետո այլ որեւէ տեղեկություն այս խորհրդի մասին առկա չէ: Այսինքն՝ ստացվում է՝ դեռ 2019 թվականին ստեղծված խորհուրդը, որի կազմում նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կան, մի քանի ամիսը մեկ է հավաքվում, քննարկում Հայաստանում կոռուպցիայի իրավիճակը: Քննարկելուց էլ եզրակացնում են, թե ամեն ինչ լավ է, ծրագրերը կատարվել են:

 

 

 

 

 

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից  հետո  Սահակյանը  չի մասնակցում հանձնաժողովի նիստերին, քանի որ Վլադիմիր Վարդանյանի հետ մինչ օրս լուրջ տարաձայնություններ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթին խորհրդարանի իշխանական շրջանակներն ասացին, որ պատգամավորը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին, բայց դրա դիմաց աշխատավարձը ստացել է առանց պահումների:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մհեր Սահակյանը, սակայն, այս առիթով ասաց. «Եղել է, որ մասնակցել եմ, եղել է՝ չեմ մասնակցել: Ես իմ գործառույթները, պարտականությունները կատարել եմ։ Եղել է, որ գործուղման մեջ եմ եղել, կամ ուրիշ աշխատանքի եմ եղել, բայց նիստերի էլ եմ մասնակցել»: Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ամբողջական  աշխատավարձ ստացել է այդ ընթացքում։ «Չեմ նայել, ճիշտն ասած, հատուկ հաշվառում չեմ արել»,- ասաց Սահակյանը: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Մհեր Սահակյանի գործով դատական նիստը հետաձգվել էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 26-ին:

 

 

 

 

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի  ենթադրաբար առեւանգման գործը ուղարկվել է դատարան, եւ մեղադրյալի աթոռին է հայտնվել 44-օրյա պատերազմի հերոսի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որը կալանքի տակ է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի որդու գործով մաս կա անջատված, որով  քննությունը  ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է: Մեզ հայտնի դարձավ, որ անջատված մասը վերաբերում է մայիսի 17-ին՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման դեպի օրը դատարանի բակում մյուս զինվորների ծնողների, մասնավորապես՝ Աստղիկ եւ Գարիկ Գալեյանների, Վահիկ Սահակյանի եւ մյուս ծնողների գործողություններին, թե նրանք  ինչ  են արել, երբ Աշոտ Փաշինյանին տեսել են Գայանե Հակոբյանի մեքենան նստելիս: Ստացվում է, որ նախաքննական մարմինը, այս քրեական գործով քննությունը շարունակելով, այն որպես «մահակ է պահում»  զոհված զինվորների ծնողների գլխին՝ հասկացնելով՝ եթե սխալ բան անեն, ապա Գայանե Հակոբյանի նման կհայտնվեն բանտերում:

 

 

 

Մեկ անձից գնումներ կատարելու հարցում վարչապետի աշխատակազմը հետ չի մնում մյուս կառույցներից: Սա նշանակում է, որ առանց մրցույթի իրենց ցանկալի ընկերությունից գնումներ են անում գործադիր մարմնում: Համենայնդեպս, դա են վկայում պաշտոնական տվյալները: Օրինակ՝ Փաշինյանի ղեկավարած կառույցի աշխատակազմը 200 հազար դրամի պայմանագիր է կնքել՝ սննդի մատուցման եւ սպասարկման ծառայությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից պարզեց, որ մեկ այլ պայմանագրով էլ «Վինո Վինո» ՍՊԸ-ից 70 հազար դրամով 3 հատ «Նաիրի» կոնյակ են գնել գործադիրում: Վարչապետի աշխատակազմը նաեւ 97 հազար դրամ է ծախսել եւ, ընկերություններից մեկի հետ պայմանագրի հիման վրա, ձեռք է բերել չիր, սուրճ, կոնֆետներ, անձեռոցիկներ: Հարցն այստեղ ամենեւին էլ գումարը չէ, այլ երեւույթը: Այսինքն՝ այն գործելաոճը, ինչ նախկինում մերժում էր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից քննադատում, հիմա նրա աշխատակազմը մեծ հաճույքով իրականացնում է:

 




Լրահոս