ՔՊ-Ն ԳՆՈՒՄ Է ԴԻԼԻՋԱՆ` ՀԱՎԱՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ում որոշել են, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն անցկացնել Դիլիջանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ քաղաքական ժողովը կկայանա  հունիսի 16-ին եւ 17-ին:

Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

ՔՊ-ում այս օրերին քաղաքական ժողովի հետ կապված թեժ նախապատրաստական աշխատանքներ են գնում. փորձում են այնպես անել, որ ժողովը բարձր մակարդակով անցնի, թերություններ չլինեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գոհ մնա:

Կուսակցությունից մեզ հայտնեցին նաեւ, որ օրակարգի եւ հրավիրյալների շուրջ քննարկումները դեռ  շարունակվում են, շատ հարցեր կան, որ վերջնական դեռ հաստատված չեն:

 

 

 

Հաջորդ շաբաթ մեկնարկում է  ԱԺ հերթական նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի օրը նիստ կգումարի՝ հաստատելու նիստերի օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ, ի թիվս այլ հարցերի, ԱԺ նիստերում հաջորդ շաբաթ քննարկվելու է 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այսինքն՝ նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները հաջորդ շաբաթ պետք է գնան խորհրդարան՝ ներկայացնելու բյուջեի կատարողականը: ՔՊ խմբակցության պատգամավորներից փորձեցինք հասկանալ՝ վարչապետն անձամբ կգնա արդյոք խորհրդարան: Մեզ ասացին, որ դեռ վերջնական որոշում չկա, կախված է Նիկոլ Փաշինյանի օրակարգից: ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

 

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի օգոստոսի 21-ի հրամանով՝ ստեղծվել է «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով»՝ «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այդ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է հրավիրել 2019 թվականին։ Իսկ ո՞րն է պատճառը. նախ՝ նշենք, որ հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկված են բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ), բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ), ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ եւ այլք։ Իսկ ինչո՞ւ էր ստեղծվել հանձնաժողովը. պարզվում է՝ նրանք պետք է համակարգեն, որ բարեգործություն անելու համար նախ դիմեն Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որն էլ, հենվելով օրենքի ու որոշումների կարգավորումների վրա, ուսումնասիրում է տարբեր հայտեր, ծրագրերը բարեգործական ճանաչելու մասին եզրակացություն տալիս: Եթե հայտը համապատասխանում է, ապա այն ճանաչվում է բարեգործական։ Այս հանձնաժողովի աշխատանքներն ի պաշտոնե համակարգում էր Վարագ Սիսեռյանը՝ լինելով փոխվարչապետի գրասենյակի ղեկավար։ Նրա՝ 2020 թվականին պաշտոնից եւ ՔՊ կուսակցությունից դուրս գալու մասին դիմումից հետո այս հանձնաժողովն այլեւս չի գործում։ Ամեն դեպքում, այդ մասին են վկայում պաշտոնական փաստաթղթերը։

 

 

 

Ինչո՞վ են Հայաստանում զբաղված փոխվարչապետների գրասենյակները։ Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրգորյանն ունի գրասենյակի ղեկավար, չորս խորհրդական, մեկ օգնական եւ մեկ արարողակարգի պատասխանատու։ Այսինքն՝ այսքան մարդ սպասարկում է Մհեր Գրիգորյանին։ մյուս փոխվարչապետ Տիգրան Խաչատրանն ունի գրասենյակի ղեկավար, երեք խորհրդական, երեք օգնական եւ Մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն՝ պետով։ Այստեղ նկատենք, որ Տիգրան Խաչատրյանին սպասարկող անձինք նախկինում աշխատել են ֆինանսների նախարարությունում, երբ վերջինս ֆինանսների նախարար էր։ Այսինքն՝ դառնալով փոխվարչապետ՝ նա իր կադրերին նախարարությունից բերել է կառավարոթյուն եւ հեռացրել նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի կադրերին։ Իսկ ինչո՞վ են զբաղված փոխվարչապետները. նրանք բավականին ակտիվ են որոշումներ կայացնելու հարցում, արտոնություններ են տալիս, աշխատակազմին գործուղումների ուղարկում։ Եվ այնքան է այդ աշխատանքը նրանց դուր եկել, որ վերջերս արդեն արտոնություն տրվեց նաեւ փոխվարչապետներին։ Մասնավորապես, փոխվարչապետների հրավերով ՀՀ ժամանող օտարերկրյա փոխվարչապետների պատվիրակությունների այցելությունների դեպքում այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը կիրականացվի՝ պետական արարողակարգի ծառայության ներկայացված հաշվետվության հիման վրա։ Նախկինում այս կարգավորումը վերաբերել է միայն նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին։ Ասել է թե՝ բյուջեի ծախսերը ավելանում են, սակայն դրանց արդյունավետությունը խիստ կասկածելի է:

 

 




Լրահոս