Շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գառնու տաճարի   մոտակայքում սրճարան կառուցելը հարուցել է  հասարակական լայն շրջանակների դժգոհությունը: Շինաշխատանքները դադարեցնելու նպատակով այսօր մի խումբ ակտիվիստներ  մեկնել էին տաճար` փորձելով խոչընդոտել շինաշխատանքների իրականացմանը` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը:

Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում «Արորդիների Ուխտ»-ի գերագույն մեհենական խորհրդի նախագահ, քուրմ    Գագիկ Հայրապետյանը, որը ևս դեմ է սրճարանի կառուցմանը և այսօր ակտիվիստների հետ մեկնել էր Գառնի, ասաց, որ շինաշխատանքները ժամանակավորապես`5 օրով, դադարեցվել են: «Երեկ Գառնի էին եկել մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Գառնու  գյուղապետը և  մեզանից մի քանիսը: Անհրաժեշտ է այս հարցի շուրջ բանակցել ու գալ ընդհանուր հայտարարի»,- մանրամասնեց պրն Հայրապետյանը:

«Արորդիների Ուխտ»-ի գերագույն մեհենական խորհրդի նախագահի  խոսքով` ճաշարանի փոխարեն  իրենք առաջարկել են կառուցել թանգարան:«Արդեն գտել ենք հովանավորներ, որոնք պատրաստ են  ֆինանսապես աջակցել, որ թանգարանը ստեղծվի: Բնականաբար,  կառույցը պետք է ստեղծվի   տաճարի տարածքից դուրս`ճիշտ տեղում: Թանգարանում կցուցադրվեն Գառնիում հայտնաբերված գտածոները, որոնք պահեստներում թափված են»,- եզրափակեց  Գագիկ Հայրապետյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս