Ավինյանին կանչել էին ՔՊ խմբակցություն. մանրամասներ փակ նիստից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հունիսի 26-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո, ՔՊ խմբակցությունում հյուրընկալել են Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին։ Ըստ մեր աղբյուրի՝ նրան «բերման են ենթարկել» որոշ պարզաբանումներ ստանալու համար։ Ասենք՝ ինչպես է պատկերացնում քարոզարշավը, ինչ միջոցներով ու մեթոդներով։ Ավինյանի մասին պտտվող ոչ մի խոսակցություն չի շրջանցվել։

Օրինակ, պատգամավորներից մի քանիսը դժգոհել են, որ նա իրեն հեռու է պահում թիմից, հեռախոսազանգերին չի պատասխանում, իրենք ինչո՞ւ պիտի «վիզ դնեն» իր համար եւ ինչպե՞ս իմանան՝ ինչ է հարկավոր անել։ Ավինյանը պատասխանել է, որ ֆիզիկապես չի հասցնում՝ գրեթե 24-ժամյա ռեժիմով հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ։ Պատգամավորներից մեկը հարցրել է նրա եւ քրեական հեղինակությունների շփումների մասին՝ նկատելով, որ գուցե հույսը դրանց վրա է դրել, որ ձայն կբերեն։ Ավինյանը վրդովվել է եւ հորդորել՝ փաստերով խոսել իր հետ, թե ում հետ է հանդիպել, երբ, որտեղ եւ այլն։ Նա հասկացրել է, որ քարոզարշավը չի տանելու սեւի-սպիտակի բաժանումով, ինչը ոմանց դուր չի եկել։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Խաչատուր Սուքիասյանը, ով Ավինյանի հետ, մեղմ ասած, բարիդրացիական հարաբերություններ չունի։ Նա թեկնածուից հետաքրքրվել է՝ ծրագիր ունի՞, ի՞նչ է առաջարկելու ինտելեկտուալ զանգվածին։ Մեր աղբյուրն ասում է, որ Ավինյանը, մեծ հաշվով, «կրել» է ՔՊ-ականների հետ մարտը։ Անգամ ակնարկել, որ որեւէ մեկի մտքով չանցի իրեն դիմել շինթույլտվության կամ նման այլ հարցերով, անհանգստացնել իր թիմակիցներին։ Ասել է, որ ակտիվ ու համագործակցված քարոզարշավ կիրականացնեն, եւ ինքն ակնկալում է բոլորի օգնությունը։ Հանդիպումը տեւել է 4 ժամից ավելի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս