ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահե Ղալումյանը 2022 թվականի հայտարարատու տարում ներկայացված հայտաարարագրում հայտարարագրել է երկու բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Տավուշի մարզի Իջևան քաղաքում, նաև երկու հողամաս Իջևան քաղաքում:
Ղալումյանը հայտարարագրել է նաև մեկ հողամաս, որը փաստացի այլ անձի է պատկանում, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից: Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 271 հազար 676 դրամ. կանխիկ դրամական միջոցներ Ղալումյանը չի հայտարարգրել:
Ղալումյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 642 հազար դրամ, որից 9 մլն 558 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմից: Որպես այլ եկամուտ պատգամավորը ստացել է Պետական եկամուտների կոմիտեից 2 մլն 083 հազար դրամ: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 411 հազար դրամ, իսկ վարկերի վճարման համար հատկացրել է 3 մլն 576 հազար դրամ:
Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկ հարաբերությունների մեջ գտնվող Ղալումյանի կինը՝ Աննա Եգանյանը լինելով Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզի փոխտնօրենը, ստացել է աշխատանքի վարձատրություն 634 հազար դրամ: Նա հայտարարագրել է նաև 122 հազար դրամ եկամուտ ստացված Պետական եկամուտների կոմիտեից:
Թեպետ Ղալումյանը և կինը միասին հայտարարագրել են 12 մլն 398 հազար դրամ տարեկան եկամուտ, սակայն նրանք չունեն կանխիկ դրամական միջոցներ, իսկ կնոջ բանկային հաշիվների մնացորդը կազմում է 939 դրամ:
Էմմա Միքայելյան