Վերջերս, Երևանի կենդանաբանական այգու ընդլայնման և մի մասը Լենինգրադյան փողոցի հարևանությամբ տեղափոխելու մասին տեղեկություններն անընդհատ փոփոխության են ենթարկվում:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 4-ին, ավագանու նիստի ընթացքում տեղեկացրել է, որ կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր կա։
Նրա խոսքով՝ եղած կենդանաբանական այգու պայմանները բավարար չեն. ««Երևան պարկի» հատվածում 150-157 հեկտար է։ Ունենք անտառտնկման, կանաչապատման և կենդանաբանական այգին տեղափոխելու, նոր ֆորմատով, կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր, որովհետև ներկայիս պայմանները դա մեզ թույլ չեն տալիս»:
Ավելի ուշ՝ հունիսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստին՝ Ավինյանը տեղեկացրեց, որ որոշել են կենդանաբանական այգին ոչ թե այդտեղ տեղափոխել, այլ ընդլայնել:
«Մեր վերջին գույքագրումից հետո պարզել ենք, որ կենդանաբակական այգու բալանսին բավականին մեծ տարածքներ կան հենց նույն հատվածում,- ասաց Ավինյանը՝ բնապահպանական վարչությանը հանձնարարական տալով մեկ ամսում կենդանաբանական այգու իրենց ունեցած տարածքներում կենդանաբանական այգու ընդլայնման նախագիծ պատրաստել։
Այսինքն, Լենինգրադյան փողոցում հատկացված տարածքը, որտեղ պետք է տեղափոխվեր կենդանաբանական այգու մի մասը, այլևս չի օգտագործվելու այդ նպատակով:
ArmLur.am-ը եղել է Լենինգրադյան փողոցի այդ հատվածում, հասականալու համար՝ ինչ պրոցես է այնտեղ ընթանում: Արդեն իսկ նկատելի էր, որ տարածքում տարվել էին որոշ նախապատրաստական աշխատանքներ:
ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատուի հետ, պարզելու, թե ինչ են նախատեսում անել այդ վայրում, եթե կենդանաբանական այգին այլևս չի տեղափոխվելու:
Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում նախատեսվում է նոր անտառապատ այգի կառուցել և կենդանաբանական այգու ընդլայնումը համայնքը դիտարկում է նույն այգու ներկայիս տարածքում. կուսումնասիրվի հաշվեկշռում առկա հարակից գոտիներն օգտագործելու հնարավորությունը:
Մանրմասները՝ տեսանյութում
Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան