Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այսօր առավոտյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ ռուսական զորքը մտել է Ղրիմ, ինչն անհանգստացրել է ուկրաինացիներին: Ուկրաինական լրատվամիջոցների փոխացմամբ՝ Ուկրաինայի հարավում քաղաքացիները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Ռուսաստանի ագրեսիայի դեմ` վանկարկելով` «Պուտին, դուրս կորիր», իսկ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դիմել է ՆԱՏՕ-ին` խնդրելով պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիներին:
Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին էլ հայտարարել է, որ ողջ Ուկրաինայում համընդհանուր զորահավաք է:
Խնդրին միջամտել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով խոստացել է լուրջ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Դատապատող հայտարարությամբ հանդես է եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը, ով կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և թուլացնել լարվածությունը: «Այն, ինչ անում է ՌԴ-ը, ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների խախտում է»,- հայտարարել է Ռասմուսենը:
Հռոմի պապն էլ իր հերթին կոչ է արել աղոթել Ուկրաինայի խաղաղության համար:
Կրքերը չեն հանդատվում նաև Ռուսաստանում, որտեղ ի պաշտպանություն Ուկրաինայի՝ ՌԴ-ի պաշտպանության նախարարության մոտ տեղի են ունեցել ցույցեր, որոնց ժամանակ, սակայն մի շարք ցուցարարներ են ձերբակալվել: