ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ «ՍոուլՄի» ՏՏ կազմակերպության միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր՝ թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով սպորտը զարգացնելու նպատակով:

 

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը եւ «ՍոուլՄի» ՏՏ կազմակերպության հիմնադիր տնօրեն Պավել Խաչատրյանը։

Կողմերի միջեւ նախատեսվում է համագործակցություն՝ սպորտային միջոցառումների ընթացքում կիրառելով թվային տեխնոլոգիաների լուծումներ, ինչպես նաեւ նախատեսվում է համատեղ ծրագրերի մշակում թվային տեխնոլոգիաների միջոցով դեռահասների եւ պատանիների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ու սպորտի մասսայականացման նպատակով։

«ՍոուլՄի»-ն հայկական ՏՏ սթարթափ է, որը ստեղծում է թվային հիշողություններ: Ընկերության կողմից արդեն իսկ ստեղծվել են մարզիկների անհատական թվային քարտեր, որտեղ QR կոդերի միջոցով մարզիկներն ու երկրպագուները հնարավորություն կունենան ստեղծելու եւ պահպանելու տեսանյութեր ու այլ մեդիաարտադրանք: Ստեղծվել են նաեւ սթիքերներ, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված առաջնությունների ու մրցաշարերի ժամանակ փակցվելու են գավաթների ու դիպլոմների վրա՝ մարզիկին թողնելով նաեւ վիդեո հիշողություններ առաջնության ամբողջ ընթացքից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարեւորել է մարզիկների հանրահռչակման գործընթացը, որն այսուհետ իրականացվելու է նաեւ նորարարական լուծումներով:

«Շուտով կընդունվի Հայաստանի սպորտի զարգացման ռազմավարությունը, որի հենակետային դրույթներից մեկը մարզիկների հանրահռչակումն ու նրանց հեղինակության բարձրացումն է: Մեր մարզիկները պետք է ավելի ճանաչելի լինեն՝ օրինակ ծառայելով երեխաներին: Այս նորարարական հանրահռչակման մեթոդը կծառայի այդ նպատակին: QR կոդով, հեռախոսի սքանավորման միջոցով մարզիկն իր մոտ կունենա այսպես կոչված ալբոմ, որը ցանկացած պահի կլինի հասանելի: Երկրպագուները նույնպես կկարողանան իրենց մոտ պահել մարզիկների հետ իրենց լուսանկարները, դրանք հրապարակել սոցիալական կայքերի էջերում»,- ընդգծում է Կարեն Գիլոյանը:

«ՍոուլՄի» թվային քարտերը փորձնական տարբերակով առաջին անգամ փորձարկվել են Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ:

Պավել Խաչատրյանի ընդգծում է՝ իրենք առաջարկում են անհատականացված լուծումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, սպորտը, մշակույթը եւ բիզնեսը՝ առաջնահերթությունը տալով այս ոլորտների միջոցառումների թվայնացմանը։

«Թվայնացնում ենք սպորտային միջոցառումների կազմակերպման եւ անցկացման գործընթացները՝ գրանցումից մինչեւ տեղեկատվության տրամադրում, մասնակիցների միջեւ ինտերակտիվ հաղորդակցությունից մինչեւ հետադարձ կապի ստացում։ Ֆիզիկական ատրիբուտները՝ մեդալներ, գավաթներ, դիպլոմներ, պարգեւներ, կրծքանշաններ, տաղավարներ եւ այլն, նույնպես թվայնացվում են։

Այսպիսով, առավելագույնի է հասցվում միջոցառումների արդյունավետությունը՝ հնարավորություն տալով կազմակերպիչներին հավաքագրել տվյալներ հետագայում վերլուծելու եւ միջոցառումների քարոզչության նպատակով, իսկ մասնակիցներին՝ ստանալու լավագույն տպավորություններ»,- նշում է Պավել Խաչատրյանը:

 

 

 

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ՝ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻՑ

Կառավարությունն իր հունիսի 8-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության՝ 2023-ի հաստատված բյուջեն ավելացնել 358,353 մլն դրամով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Որոշման նախագիծը բխում է թվով 11 ՀՀ մարզական ֆեդերացիաներին եւ Երեւանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից 2023-ի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման, ինչպես նաեւ միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման եւ անցկացման համար:

Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր եւ առաջնություններ, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին եւ  վարկանիշային մրցաշարերին  լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի այդ, ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերին՝ ավելացնելով Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նկատեց, որ 2022-ին ֆեդերացիաներին հատկացվել է լրացուցիչ 200 մլն դրամ, որով հնարավորություն տրվեց մարզիկներին մասնակցել ավելի մեծ թվով հավաքների եւ մրցաշարերի. «Արդյունքները եղան աննախադեպ. նվաճեցինք 307 մեդալ՝ նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն, իսկ, ընդհանուր առմամբ, այս թիվը 30 տոկոսով բարձր է մեր երբեւէ ունեցած ամենաբարձր ցուցանիշից:

Նկատենք, որ 2023-ը նախաօլիմպիական տարի է, եւ կարեւոր են աշխարհի եւ եվրոպայի առաջնությունները, որտեղ խաղարկվելու են «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի վարկանիշները:

 

 

 

 

ԱՆՑԱՆԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Հունիսի 1-ից, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթեւեկության սահմանափակումներ:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

 

 

 

 

ՇՆԵՐԸ ԿԲՈՒԺՎԵՆ, ԿՍՏԵՐՋԱՑՎԵՆ

Թափառող, անտեր շների կողմից մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա հարձակումների դեպքեր են եղել Տավուշի մարզի քաղաքներում եւ գյուղական  բնակավայրերում։ Նախկին տարիներին թափառող, անտեր շների վնասազերծման հարցը լուծվում էր որսորդական միությունների անդամների կողմից անտեր, թափառող շներին գիշերային ժամերին հրազենով ոչնչացնելու միջոցով։ Այդ նպատակով համայնքների բյուջեներից գումարներ էին հատկացվում, համայնքապետարանները բնակչությանը նախապես զգուշացնում էին նախատեսված  գործողության մասին՝ խնդրելով չանհանգստանալ գիշերները հնչող կրակոցներից։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի համայնքներում այլեւս թափառող, անտեր շներին հրազենով  չեն ոչնչացնում։ Թափառող շների խնդիրը հատկապես սրված է Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում, ուր անտեր, թափառող շների կողմից հարձակման բազում դեպքեր են եղել ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների նկատմամբ։ Իջեւանի կենտրոնական փողոցներում կարելի է տեսնել խմբերով թափառող անտեր շների։ Իջեւանի համայնքապետարանը թափառող, անտեր շների դեմ պայքարի ծրագիր է իրականացնում։ Իջեւան խոշոր համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանից տեղեկացա, որ համայնքապետարանը պայմանագիր է կնքել Հայաստանի շների խնամքի կենտրոններից մեկի հետ, որը պետք է Իջեւան համայնքի անտեր, թափառող շներին բուժի եւ ստերջացնի։ Հունիսի 5-ից համայնքում սկսվել է այդ շների հավաքագրումը. համապատասխան հետազոտություններից  հետո հարկ եղած դեպքում հիվանդ շները կստանան համապատասխան բուժում, որից հետո ազատ կարձակվեն համայնքի տարածքում։  Շները չեն վնասվելու, դրանք բուժվելու, ստերջացվելու են։ Ստերջացված շները ձագեր չեն  ունենում, չեն  բազմանում, խմբեր չեն կազմում, ինչը անհանգստություն է պատճառում Իջեւան համայնքի բնակիչներին։ Իջեւան համայնքի ղեկավարն ասաց, որ համայնքի բյուջեի 3 միլիոն դրամով առաջիկայում կբուժվի, կստերջացվի թափառող, անտեր 100 շուն։

 

 

 

 

 

ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ նրան հարցնելով, թե աշխատանքային ինչ նվաճումների, ձեռքբերումների համար են Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պետական բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամների պարգեւավճարներ ստանում։  Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. ««ՀՀ  2023 թվականի պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքով՝  ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերում նախատեսվել են պարգեւավճարներ, որը  «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան՝ տրամադրվում է աշխատակիցներին»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս