«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հասարակական գործիչ Կարին Տոնոյանը չի բացառել, որ հնարավոր է վերադառնա քաղաքականություն:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

-Տիկի՛ն Տոնոյան, Դուք շարժում էիք ձեւավորել եւ պայքարում էիք այս իշխանությունների հեռացման համար: Ի՞նչ կատարվեց, ի՞նչը Ձեզ հետ պահեց:

-Իրականում ես հետ եմ կանգնել ոչ թե պայքարից, այլ քաղաքական դաշտում պայքարից, որովհետեւ ես տեսա, որ քաղաքական դաշտում չկա ազնիվ պայքար, եւ մինչեւ վերջ որեւէ մեկին չես կարող վստահել: Շատ անհասկանալի հարցեր կան, եւ ամենակարեւորը՝ շատ անբարո մթնոլորտ է, որովհետեւ բավական է մեկը մի փոքր սխալ թույլ տա, դա միանգամից օգտագործում են իրենց առավելություններն ընդգծելու համար: Եւ ընդհանրապես քաղաքականության մեջ իրական պայքար չկա. կա խմբային շահի համար պայքար, ոչ թե հայրենիքի կամ ժողովրդի: Համենայնդեպս, դա իմ մոտեցումն է, եւ ես հասկացա, որ եթե մինչ քաղաքականության մեջ հայտնվելը ես կարող էի վստահել որեւէ մեկին, որ երբեւէ ներկայիս քաղաքականությամբ կարելի է Հայաստանին հանել այս վիճակից, հիմա վստահ եմ, որ եթե այս իրավիճակը շարունակվի մեր քաղաքական դաշտում, եւ արմատապես չփոխվի մեր քաղաքական համակարգը, ավելի շատ կվնասի, քան կօգնի Հայաստանին: Հենց այս պատճառով ես հեռացա, որովհետեւ իրական պայքարի համար հասարակական դաշտը շատ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում, քան քաղաքականը:

-Իսկ գործող իշխանությունների հեռացումը դեռ մնու՞մ է Ձեր օրակարգում, թե՞ այլեւս բոլոր տարբերակները սպառված են, եւ անիմաստ է շարունակելը:

– Ոչ, չեմ կարծում, որ բոլոր տարբերակները սպառված են: Երկու տարբերակ կա՝ կա՛մ իրենց դրսից են հանում, կա՛մ մենք՝ ներսից: Ես հիմա, ուշադիր հետեւելով նրանց կատարած քայլերին, տեսնում եմ, որ իրենք փորձում են իրենց իսկ փոսը, որոնց մեջ ընկնելու են, ի վերջո, եւ եթե կողքից թվում է, որ իրենք  Հայաստանի համար են ավելի  շատ այդ փոսը փորում, ես կասեմ, որ՝ ոչ,  եւ հետեւաբար, եթե անկեղծ, ես իրենց յուրաքանչյուր անցնող օրվա վրա տեսնում եմ իրենց ավարտի մոտ լինելը: Հենց այս պատճառով էլ ես կարծում եմ, որ չեն ավարտվել ու չեն սպառվել բոլոր տարբերակները. ընդհակառակը՝  այս իշխանությանը արդեն մեկ քայլ է մնացել, որ վերջնականապես ինքնասպանություն գործի: Իրենք իրենց բոլոր հայտարարություններով խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մեր հռչակագրի դերն են կորցնում, եւ այն պահին, որ իրենք դա կդարձնեն փաստ՝ ստորագրությամբ, այդ ժամանակ իրենց կորակեն որպես Սահմանադրություն խախտողի, հետեւաբար նաեւ  հայրենիքի դեմ գործող վարչակարգի հենց Հայաստանի դատական համակարգով, չնայած որ բոլորիս էլ պարզ է, որ ներկայիս դատական համակարգը ենթարկվում է հենց իրենց: Այնուամենայնիվ, ցանկացած երեւույթ ունենում է  իր վերջը, եւ ես համոզված եմ, որ իրենց վերջը շատ մոտ է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԿՈՄԻՏԵՆ ՂԵԿԱՎԱՐ ՉՈՒՆԻ

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն չորս ավտոմեքենա է վերանորոգել։ Այդ նպատակով կոմիտեն պայմանագիր է կնքել 494 հազար դրամի՝ մեկ անձից գնումների ընթացակարգով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերանորոգվել է երեք «Տոյոտա» եւ մեկ «Լիդան» մակնիշի ավտոմեքենա։ Իսկ առհասարակ ինչո՞վ է զբաղվում այս կառույցը. կոմիտեն ղեկավար չունի, առաջին տեղակալը՝ Խաչատուր Խաչիկյանը,  տեղակալը՝ Վահե Գրիգորյանը, ըստ պաշտոնական կայքի, աշխատում են կոմիտեում:

Ամենաթարմ տեղեկությունը պետական այս կառույցի գործունեության մասին այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս տարի՝ մարտին, այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու համար։ Դրանից հետո կոմիտեում գլխավոր քարտուղարը պաշտոնանկ արվեց։

Հիմա էլ կոմիտեն որոշել է մեքենա նորոգել, բայց ղեկավար այդպես էլ չունեն։

 

 

 

 

ՔՊ-Ն ՆԻՍՏ ԿԱՆԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկուշաբթի օրը խմբակցության նիստ է անելու:

Արդեն գրել ենք, որ հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի օրվանից, մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը:

ԱԺ խորհուրդը երկուշաբթի կհաստատի նիստերի օրակարգը: Նիստերի մեկնարկին ընդառաջ՝ երկուշաբթի օրը, ՔՊ-ն խմբակցության նիստ կանի, որպեսզի քննարկի օրակարգի հետ կապված հարցեր, որոշեն՝ որ նախագծին ինչպես են քվեարկում, ինչ ելույթներ են ունենալու:

Հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները գալու են խորհրդարան, ուստի ԱԺ-ում թեժ է լինելու:

Ք.ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ԸՆՏԱՆՅՈՔ ՀԱՆԴԵՐՁ

Իշխանական վերնախավում կարծես պրոտոկոլ է դարձել աշխատանքային այցերի դեպքում ողջ ընտանիքով գործուղման մեկնելը:

 

Այս երեւույթը սոցիալական ցանցերում քաղաքացիների դժգոհությունն է առաջացրել: Ստացվում է՝ հարկատուներիս հաշվին իշխանական արտոնյալները ընտանյոք հանդերձ են գործուղման մեկնում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս մեկնել էր Սոչի ԱՊՀ վեհաժողովին մասնակցելու նպատակով. վարչապետը Սոչի էր գնացել փոքր դստեր՝ Արփիի հետ:

Այս արատավոր սովորույթից հետ չի մնում նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս էլ մշտապես գործուղման մեկնում է տիկնոջ հետ:

Այսպիսով, հունիսի 6-9-ը ԱԺ պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր Լոնդոն: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Համացանցում հրապարակված լուսանկարներից երեւում է, որ Սիմոնյանը աշխատանքային այցով Լոնդոն մեկնել է տիկնոջ եւ դստեր հետ, որը հանրության շրջանում մեծ զայրույթ է առաջացրել:

Քաղաքացիները նշում են, որ հայրենի պաշտոնյաները պաշտոնական այցերը դարձրել են իրենց ընտանեկան հանգիստը. գնում են նոր քաղաքներ, նոր երկրներ բացահայտելու համար: Սա իրականում խայտառակություն է, քանի որ պետական պաշտոնյաները Հայաստանի համար այս օրհասական օրերին կյանքն են վայելում տարբեր երկրներում իրենց ընտանիքի անդամների հետ, երբ նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչները հայտնվել են հակառակորդի գնակոծությունների տակ, Արցախը 177 օր գտնվում է շրջափակման մեջ, ու Հայաստանի սահմանը ողջ երկայնքով վտանգավոր վիճակում է գտնվում:

Ք. Մ.

 




Լրահոս