ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ «ԲԵՍՊՐԵԴԵԼՆ» ՈՒ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե իրավապահ համակարգը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հայտարարություններին իրավական գնահատական տար եւ պատժեր հրապարակային սպառնալիքների համար, այսօր չէինք ունենա այն, ինչ ունենք:

 

Արագածոտնի մարզպետի նախկին ՔՊ-ական տեղակալը կրիմինալի մեջ է, ՔՊ-ական պատգամավորը քաղաքացու կարտոֆիլն է ցաքուցրիվ անում, Դիլիջանի քրեականի պետը երեխա է ծեծում, իսկ երեկ էլ Արագածոտնի մարզի Արագածավանի Ջրային կոմիտեի պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյան է քաղաքացու ծեծել ու աչքերին գազ փչել: Իրավապահ համակարգն այս դեպքերից շատերի վրա աչք է փակում, ինչն էլ նոր հանցագործությունների սկիզբ է դառնում:

Փաստ 1

ՀՀ Արագածոտնի արդեն նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին իրավապահների ձեռքից փրկելու համար իշխող թիմը որոշել է նրան ազատել պաշտոնից։ Բանն այն է, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ընտանիքի մտերիմ փոխմարզպետը մարզում «բեսպրեդել» է հաստատել:

Փաստ 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը քննիչները մի կողմ են դրել եւ ավելի կարեւոր գործերով են զբաղված: Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չի քննվում:

Փաստ 3

Հունիսի 1-ին հրապարակեցինք աղմկահարույց տեսանյութ, թե ինչպես է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանն անչափահաս տղային ծեծի ենթարկում, իսկ իրավապահ համակարգը գործը կարճել էր այն հիմքով, որ պետը զղջացել է, սակայն մեր հրապարակման արդյունքում Գլխավոր դատախազությունը որոշեց  կալանավորել  քրեականի պետին։

Փաստ 4

Իսկ, ահա, երեկ հերթը Արագածոտնի մարզի Արագածավանի Ջրային կոմիտեի պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանինն էր, որին ձերբակալելու որոշում է կայացվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ՄԱՆԱԽՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶԸ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՆ

Արթուր Այվազյանին, որը հանրությանը հայտնի է Մանախ անունով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի հունիսի 9-ին բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով եւ բացառիկ ցինիզմով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատարանն այս գործով կայացրել է որոշում եւ Արթուր Այվազյանին մինչեւ 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակել եւ նրան մեղավոր ճանաչել 05.05.2021թ. ընդունված եւ 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ Մանախն այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան: Դատախազն էլ իր հերթին է բողոքարկել՝ պահանջելով դատապարտել նրան երկու տարվա ազատազրկման:

 

 

 

 

ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ նախաքննական մարմինը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնական Կորյուն Մխիթարյանի վրա կրակոցի գործով եւս երկու անձի է ձերբակալել:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց եւ Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու եւ մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի օգնականի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության՝ դեպքին մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։ Թաղապետի տեղակալ Հրաչյա Հակոբյանը հայտնեց, որ թաղապետի օգնականը որեւէ հողակտորի զավթման պրոցեսի հետ կապ չի ունեցել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ. Պ.-ի թիկնապահ Է. Ս.-ն ու վարորդ Հ. Բ.-ն օժանդակել են Մ. Պ.-ի կողմից վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 44 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակություն կատարելուն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Պ.-ն իր անձնական թիկնապահ Է. Ս.-ին (2008 թվականի սեպտեմբերից մինչեւ 2016 թվականի ապրիլ) նշանակել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդ Հ. Բ.-ին (2009 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2016 թվականի ապրիլ)՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է, օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն, ապահովել իր անձնական անվտանգությունը: Այսինքն՝ Է. Ս.-ն եւ Հ. Բ.-ն օպերատիվ բաժնում փաստացի աշխատանքի չեն հաճախել, այլ մշտապես ուղեկցել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ. Պ.-ին, կատարել նրա անձնական բնույթի հանձնարարությունները եւ, առանց համապատասխան պաշտոնից բխող գործառութային պարտականությունները կատարելու, ՀՀ պետական բյուջեից ստացել են աշխատավարձ ու դրան հավասարեցված վճարումներ:

Արդյունքում Մ. Պ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է. Ս.- ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22.117.820 ՀՀ դրամ, իսկ Հ. Բ.-ի դեպքում՝ 21.754.643 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Բ.-ին եւ Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս