ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգային երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ազատ Ղարիբյանի եւ ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանի ծննդյան 100-ամյակներին։

 

Պարային գեղեցիկ զույգին նվիրված համերգները նախաձեռնել են Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնը եւ «Զարկ» ժողովրդական երաժշտության եւ պարի աջակցման հիմնադրամը։

Հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, նույն համերգային ծրագիրը կկայանա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Համերգային ծրագրերի ընթացքում կներկայացվեն Ազատ Ղարիբյանի պարային բեմադրությունները:

Նշենք, որ բալետի արտիստ, պարուսույց Ազատ Ղարիբյանը 1962 թ. եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը, իսկ 1963-83 թթ.՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերը: 1959 թ. նրա նախաձեռնությամբ Երեւանի պարարվեստի ուսումնա­րանում բացվել է ժողովրդական պարի բաժին, որը ղեկավարել է երկար տարիներ՝ ստեղծելով հայկական պարի ուսուցման ծրագիր: 1986 թ. ստեղծել է «Կռունկ» պարային համույթը, որի համար նա բեմադրել է լավագույն պարային համարներ՝ Ա. Բաբաջանյանի երաժշտությամբ «Էլեգիա», Կոմիտասի «Մոկաց հարսներ», Խ. Ավետիսյանի «Հուշեր», Մ. Փրիդոնյանի «Հայոց աղջիկներ», ժողովրդական երաժշտությամբ «Հարսանիք», մեկ գործողությամբ «Քաջ Նազար» բալետը, Սայաթ-Նովայի երաժշտությամբ զուգապար, ազգագրական պարերի շարաններ:

1956 թ. Ազատ Ղարիբյանն արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980 թ.՝ ժողովրդական արտիստի կոչման։

Բալետի արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանը 1955 թ. Երեւանի պարարվեստի ուսումնարանում հիմնել է դերասանի վարպետություն առարկան: 1956 թ. մասնակցել է Մոսկվայում կայացած հայ արվեստի տասնօրյակին, որտեղ կատարել է Գոհարի դերը Գ. Եղիազարյանի «Սեւան» բալետում, Շամիրամի դերը՝ Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի ինտերմեդիայում, եւ արժանացել «Պատվո նշան» շքանշանի: 1972-74 թթ. նա եղել է Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բալետային խմբի ղեկավարը: 1974-2004 թթ. ղեկավարել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանը, 1980 թ.` Երեւանի թատերական ինստիտուտի բեմական շարժման ամբիոնը (1995 թ.-ից` դոցենտ): 1981 թ. արժանացել է երկրորդ «Պատվո նշան» շքանշանին: 1986 թ. Ազատ Ղարիբյանի հետ հիմնել է «Կռունկ» պարային անսամբլը, իսկ ամուսնու մահից հետո շարունակել է ղեկավարել անսամբլը: 1963 թ. Թերեզա Գրիգորյանն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968 թ.` ժողովրդական արտիստի կոչման:

 

 

 

 

 

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԵԺ Է

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում թեժ է եղել:

 

Թեման ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի օգնական Ամալյա Խաչատրյանին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի կազմում ներգրավելն է: Ու դա էլ քիչ է, Գիլոյանն իր օգնականին ներառել է վիզա ստացողների ցանկում: Սա առաջացրել է ողջ նախարարության աշխատակազմի զայրույթը, ու երեկ ողջ օրը թեժ քննարկվել է այս հարցը, թե ինչու պետք է Գիլոյանի օգնականը պետական բյուջեի հաշվին ԱՄՆ մեկնի, երբ այդ ոլորտի հետ որեւէ կապ չունի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Ամալյա Խաչատրյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Ես սպորտի նախարարությունում եմ աշխատում եւ տարբեր կազմակերպչական հարցերով այնտեղ օգնելու եմ: Ես որպես բասկետբոլիստ չեմ ընդգրկվել հավաքականի կազմի մեջ, ես տարբեր կազմակերպչական, փաստաթղթային հարցերով օգնում եմ իրենց, իմ հաշվին գնում եմ, իմ հաշվին գալիս եմ: Ես ԱՄՆ եմ գնում իմ հաշվին, պետությունից 10 դրամ չեմ ստանում, ես արձակուրդ եմ վերցնում, գործուղման չեմ գնում, որեւէ խնդրահարույց բան չկա»,- վստահաբար հայտարարեց մեր զրուցակիցը:

Բայց փաստ է մի բան, որ նախարարությունում այս հարցը մեծ բունտ է առաջացրել:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ՆՈՐ  ԱԿՈՒՄԲՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի 30-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանը չեմպիոն «Ուրարտուից» տեղափոխվեց «Արարատ-Արմենիա». հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Բեգլարյանը վերջին 4 մրցաշրջանների ընթացքում պաշտպանել է Երեւանի «Ուրարտուի» դարպասը, կարիերայի ընթացքում հանդես է եկել լատվիական «Լիեպայայում», բելառուսական «Դնիպրո Մոգիլեւում», ռուսական «Կրասնոդարի» տարբեր թիմերում, նաեւ հայկական մի շարք ակումբներում։

Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Արսե՛ն»,- նշվում է «Արարատ-Արմենիայի» հաղորդագրությունում:

«Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայում գրավել է երրորդ տեղը եւ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։

 

 

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի առաջին մարզիչ Ալեքսանդր Չելպանովը հույս է հայտնել, որ 24-ամյա ֆուտբոլիստն առաջիկա պաշտոնական հանդիպումներում կխփի առաջին գոլը ազգային թիմում։

«Տիկնիզյանն անցկացրեց իր լավագույն մրցաշրջանը։ Նա շատ ուրախ է, որ հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից։ Մեր զրույցներում նա միշտ նշում է, որ անհամբեր սպասում է հավաքականի խաղերին։ Նա ցանկանում է աշխատել, զարգանալ եւ օգնել Հայաստանի հավաքականին հասնել դրական արդյունքների։ Սպասում ենք նրա առաջին գոլին Հայաստանի հավաքականում»,- ասում է Ալեքսանդր Չելպանովը։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Տիկնիզյանը մասնակցել է 37 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

«Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարում Հայաստանի թիմը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին, հունիսի 19-ին Երեւանում կընդունի Լատվիայի հավաքականին:

 

 




Լրահոս